«Ահավոր բան է…ասում էի՝ տա Աստված, որ գոնե իմ ախպերը վերջին զոհը լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի արտահայտություն արեց հոկտեմբերի 10-ին Ջեբրայիլում զոհված Գնել Ֆիդանյանի եղբայրը՝ Վիրապ Ֆիդանյանը: Վիրապը պատմեց՝ երեք եղբայր են,Գնելն իրենց մեծ եղբայրն էր, ինքը փոքրն է: Ասում է՝ Գնելն իրենցից տարբերվում էր իր բնավորությամբ: Եղբայրը բոլորից թաքուն է կամավորագրվել, այդ մասին ինքն իմացել է, երբ Գնելն արդեն ճանապարհին է եղել. «Եղբորս թևը նոր էին վիրահատել, ես ու մյուս եղբայրս համակարգում էինք աշխատում, մտածում էինք, որ ամեն րոպե կարող է մեզ էլ տանեին, սպասում էինք: Բայց մեր եղբայրը սեպտեմբերի 29-ին բոլորից թաքուն կամավորագրվել էր:
Հինգ օր առաջ էին նրա թևը վիրահատել, ասում էինք բժշկի թուղթը կներկայացնենք, բայց ինքը ձայն չէր հանում, քանի որ արդեն կամավորագրվել էր»: Վիրապը պատմեց՝ եղբայրը Մեծամորում էր ապրում, բայց գնացել էր հայրական օջախ, ծնողներին հրաժեշտ տվել. այ ժամանակ արդեն կամավորագրված է եղել:
Իսկ ռազմաճակատ գնալու ճանապարհին զանգել է եղբորը: Վիրապը հիշեց. «Երբ Երևան էր հասել, զանգեց, ասաց, որ գնում է, ասացի, Գն ջան, ո՞ւր ես գնում, ախպե′ր, սպասի, կարող է մեզ տանեն: Ասաց՝ բա մեր 18 տարեկաններին ո՞նց թողնենք ախր. ես չգնամ, մյուսը չգնա, բա ո՞վ գնա: Ուղղակի ուզում էի հասկանալ, ասում էի սպասի, կարող է մենք գնանք, գոնե դու մնաս այստեղ: Բայց ինքն ասում էր 18 տարեկաններին ո՞նց թողնենք, բոլորն ասում են պահը գա, կգնանք, հիմա պահն եկել է, ես չգնամ, նա չգնա: Ասում էր՝ հլը լավ է, ես սերունդ ունեմ, բա էն 18 տարեկանները դա էլ չունեն»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։