«Կատարված ստորության մասին լռել չեմ կարող»․ դպրոցի տնօրենին մեղադրում են հիմնադրամին ուղարկվելիք գումարը վերցնելու համար


«Կատարված ստորության մասին լռել չեմ կարող»․ դպրոցի տնօրենին մեղադրում են հիմնադրամին ուղարկվելիք գումարը վերցնելու համար
Հոկտեմբեր 27 20:16 2020

Երեւանի Չեխովի անվան հ․55 դպրոցի ծնողներից մեկը՝ Ռեգինե Պրազյանը, ժամեր առաջ նման գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Նա խոսել է օրեր առաջ դպրոցում տեղի ունեցածի մասին, երբ դպրոցում գումար են հավաքել զինվորների, «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղարկելու համար, սակայն գումարի մի մասն անհետացել է։ Ծնողն ակնարկել է, որ դեպքը կատարվել է կրթական հաստատության տնօրեն Գայանե Սարուխանյանի մասնակցությամբ։

«Ծպտուն չէի հանի, եթե օրինակ բանկ թալանած լինեին, բայց Չեխովի անվան դպրոցում կատարված ստորության մասին լռել չեմ կարող։ Ծնողների մեծ մասը ցանկացել է գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, սակայն դպրոցի տնօրեն տիկին Գայանե Ժորայի Սարուխանյանը խոչընդոտել է եւ առաջարկել գումարը ծրարներով գցել արկղիկի մեջ։ Արկղիկ կոչվածը, իհարկե, տեսախցիկների հսկողության տակ չի եղել, առհասարակ տեսախցիկները միայն դրսում են տեսանկարահանում։ Տիկին Գայանեն այնքան բարի է գտնվել, որ առաջարկել է նաեւ առանձին գումար հավաքել՝ զինվորի իմունիտետը բարձրացնող մեղր ու պոպոք գնելու համար։ Բանն այն է, որ տիկինն իր հայրենի քաղաք Վանաձորում ունի ընտանեկան բիզնես հանդիսացող մեղվաբուծարան»,- գրել է ծնողը։ Նա նշել է, որ 50 հատ 100-200 գրամանոց մեղր են գնել նշված մեղվաբուծարանից։ Մեղրի համար հավաքված գումարը չի ֆիքսվել։ Որոշ հարուստ ծնողներ տվել են գումարը եւ չեն էլ ցանկացել, որ գրանցեն։

Շուտով հենց դպրոցի տնօրենն է զանգահարել ոստիկանություն ու հայտնել գողության մասին լուրը, մինդեռ, ըստ օգտատիրոջ, տնօրենն իրավապահ մարմիններին դիմել է այն ժամանակ, երբ ամեն դասարան իր ծրարի պարունակությունը նկարել է եւ գրանցել։ Այսինքն՝ հայտնի է եղել, թե որքան գումար պետք է լիներ հավաքված։

«Ըստ իմ ունեցած ինֆորմացիայի՝ ձերբակալվել է պահակը։ Բոլորի անմեղության կանխավարկածի մասին չմոռանալով հանդերձ՝ պետք է խնդրեմ, որ այս գործը մանրամասն քննեն, որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն։ Ուզում եմ խնդրել նաեւ, որ ստուգեն, թե Գարիկ Թորոսյան անունով անձն ինչպե՞ս է հասցնում համատեղել գիշերային պահակի գործը փոքրերի մասնաշենքում՝ լինելով տիկին Գայանեի վարորդը եւ ընտանեկան վարորդը։ Չնայած տեղի բնակիչները երբեք այդ կողմերում պահակ չեն տեսել»,- գրել է ծնողը՝ հույս հայտնելով, որ որեւէ ծածկադմփոց չի լինի, դեպքը կբացահայտվի, քանի որ զինվորի բաժինը գողացողը անբարոյական է ու սրբապիղծ ազգի դավաճան։

Ծնողը հավելել է, որ դպրոցի հաշվապահն է գումարը փոխանցել հիմնադրամին։ Նա հրապարակել է հավաքված գումարի ցուցակն ըստ դասարանների, նաեւ հիմնադրամին ուղարկած 4 մլն-ի անդորագիրը։ Ըստ նրա՝ ցուցակում պակասում են դասարաններ, սակայն բոլորն անխտիր մասնակցել են եւ ցուցակին նայելիս երեւում է, որ պակասում է 601.000 դրամ։

Հրապարակման մեջ Ռեգինե Պրազյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին խնդրել է նշված տնօրենին շրջապատել ուշադրությամբ, քանի որ իրենք շատ կասկածներ ունեն, իսկ իրենց դպրոցում նախկինում երբեք առանց նախկին առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի «դաբռոյի» ստուգայցեր չեն կազմակերպվել։

 

 



loading...