ММА մարզիկ Էդուարդ Վարդանյանը ՌԴ-ից մեկնել է Արցախ


ММА մարզիկ Էդուարդ Վարդանյանը ՌԴ-ից մեկնել է Արցախ
Հոկտեմբեր 27 12:19 2020

Խառը ոճի մարզիկ Էդուարդ Վարդանյանը Ռուսաստանից մեկնել է Արցախ, հայտնում է rsport.ria.ru-ն:

Վարդանյանը նախատեսում է մոտ ժամանակում զբաղվել տեղի բնակչությանն աջակցության և հումանիտար օգնության տրամադրմամբ:

Իր կարիերայի ընթացքում 29-ամյա Վարդանյանը մասնակցել է 25 մարտի: Ունեցել է 21 հաղթանակ և 4 պարտություն: Մարզիկը հայտնի է Absolute Championship Akhmat (АСА) մրցաշարերին իր ելույթներով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։