Խոշոր հումանիտար օգնությունը Ռուսաստանից հասավ Հայաստան. Sputnik Արմենիա (տեսանյութ)


Խոշոր հումանիտար օգնությունը Ռուսաստանից հասավ Հայաստան. Sputnik Արմենիա (տեսանյութ)
Հոկտեմբեր 25 17:32 2020

Ռուսաստանից Հայաստան է բերվել հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ։ ԻԼ-76 ինքնաթիռը բերել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորումներ և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայ համայնքի ջանքերով։ Sputnik Արմենիայի տրամադրության տակ են հայտնվել ուղարկելուց առաջ հումանիտար բեռի ամբարման կադրերը։

Ռազմական գործողությունների գրեթե մեկ ամսվա ընթացքում այլ երկրներից Հայաստան է բերվել մոտ հազար տոննա մարդասիրական օգնություն։ Այդ բեռների առյուծի բաժինը հավաքվել և փոխանցվել է տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչների ջանքերով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր…