Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժները սահման ուղարկելու համար տաք գլխարկներ, գուլպաներ ու ցանցեր են գործում


Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժները սահման ուղարկելու համար տաք գլխարկներ, գուլպաներ ու ցանցեր են գործում
Հոկտեմբեր 25 11:20 2020

Ամուր թիկունք, ամուր սահման: Հենց այս նշանաբանով էլ շարունակվում է թիկունքից առաջնագիծ ուղարկվող  առաջին անհրաժեշտության իրերի ու պարագաների տեղափոխումը: Նույն ոգևորությամբ քաղաքացիներից յուրաքaնչյուրը մեծ նվիրումով իր ներդրումն է ունենում թիկունքում կազմակերպված տարաբնույթ նախաձեռնություններին: Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը  սեպտեմբերի 27 ից մինչ օրս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով. այժմ զինվորների ու կամավորականների համար գործում են բրդյա գուլպաներ ու գլխարկներ:

«Մեր աշխատակազմը մեծ ոգևորությամբ է այս աշխատանքը կատարում: Հենց հիմա էլ մենք նստած գուլպաներ ենք գործում դիրքերում գտնվող մեր տղաների համար: Բոլոր 40 մանկավարժներն էլ մինչև ուշ գիշեր մեքենաների մոտ նստած գուլպա ու գլխարկներ են գործում ու կարում: Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս պատերազմական իրավիճակում սա կարևոր նախաձեռնություն է, գիտենք, որ մեր բանակի ու մեր տղաների համար է, որ ոչ մի բանի կարիք չունենան, լավ կռվեն ու հաղթանակով վերադառնան»-նախաձեռնության մասին է պատմում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետա Պետրոսյանը:

Սվետա Պետրոսյանը SHANTNEWS.am-ին  փոխանցեց, որ կենտրոնի մանկավարժներն աշխատում են ազատ գրաֆիկով. առցանց դասերից հետո բոլորն էլ շտապում են  արտադրամասեր ու մասնակցում նախաձեռնություններին: Ռիսկային խմբում գտնվող աշխատակիցներն էլ գուլպա ու գլխարկ գործում են տանը:

 

«Մեկը կտրում է, մյուսը կարում, մեկ ուրիշն էլ գործում. համախմբված աշխատում ենք հանուն մեր հայրենիքի: Նաև մեր բարձր խմբերում սովորող ուսանողներին ենք ընդգրկել այս գործընթացում. նրանք էլ են ակտիվ մասնակցում. սա ևս դաստիարակչական բնույթ է կրում: Մեր աշխատակիցներից մի քանիսն էլ այս պահին գտնվում են զորամասերում ու առաջնագծում»-նշում է կենտրոնի փոխտնօրենը:

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատակիցներից շատերի զավակները, ամուսիններն ու հարազատներն են մարտական դիրքերում գտնվում. ընկճվելու փոխարեն  մանկավարժներն ավելի մեծ ոգևորությամբ են աշխատանքը կատարում՝ գիտակցելով, որ եթե նույնիսկ գլխարկներն ու գուլպաները չհասնեն իրենց հարազատներին, ապա միևնույն է՝ դրանք կկրեն հերոսական մարտեր վարող տղաներից յուրաքանչյուրն ու կլինեն ավելի պաշտպանված:

«Արդեն 200 գլխարկ են գործել, մոտ 100 զույգ տաք գուլպաներ, նաև կսկսենք տաք ծածկոցներ կարել մեր տղաների համար: Հիմա արդեն նաև պաշտպանիչ ցանցեր ենք սկսել գործել: Հումքը ձեռք ենք բերում մեր կենտրոնի ու աշխատակիցների միջոցներով: Աշխատանքը դժվար է, բայց հանուն մեր բանակի բոլոր դժվարություններն էլ հաղթահարում ենք, մեր թիկունքում առկա դժվարությունը սահմանին կանգնած զինվորների ու սպաների, կամավորականների ու երկրապահների կրած դժվարությունների դիմաց նվազագույնն է»- ասում է տիկին Պետրոսյանը: