Պետությունների եւ միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի եւ թափ առնի Արցախի անկախության ճանաչումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«- Հանուն Արցախի ժողովրդի գոյության,
- հանուն մարդու անօտարելի իրավունքների պաշտպանության,
- հանուն միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի,
- հանուն միջազգային իրավակարգի լիակատար չփշրման,
- հանուն խաղաղության,
- հանուն ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության գործնական ապահովման,
- հանուն համամարդկային արժեքների պաշտպանության,
- հանուն պետությունների եւ միջազգային կառույցների սեփական հեղինակության,
- հանուն անտարբերության խավարի նկատմամբ` արդարության համար պայքարի հաղթանակի (յուրաքանչյուր անհատի ներգրավմամբ` աշխարհի որ հատվածում էլ որ նա լինի),
- հանուն ներկայի եւ ապագայի.
1. Պետությունների եւ միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի եւ թափ առնի Արցախի անկախության ճանաչումը,
2. ՄԽ համանախագահ երկրների կողմից միասնաբար, կամ յուրաքանչյուրի կողմից առանձին` Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ եւ կարճ ժամկետ ունեցող վերջնագիր - կամ Ադրբեջանը նշված ժամկետի մեջ դադարեցնում է ցանկացած ռազմական գործողություն եւ առանց նախապայմանների վերադառնում բանակցային գործընթաց, կամ` համանախագահները ճանաչում են Արցախի անկախությունը,
3. Ադրբեջանի համար պետք է լինի միանշանակ` կոնֆլիկտի կարգավորման քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն հրադադարի լիարժեք հաստատման եւ վերահսկման մեխանիզմների գործարկման պարագայում,
4. Ադրբեջանի առկա պահվածքից չհրաժարվելը պետք է միարժեք փոխի բանակցությունների բովանդակությունը. այն է` բանակցություններ անկախության թեկուզեւ մասնակի ճանաչում ստացած Արցախի եւ Ադրբեջանի սահմանների հստակեցման շուրջ:
ՌԴ, Ֆրանսիա, բարեկամ երկրներ, ԵՄ, ԱՄՆ,
պետություններ, միջազգային կառույցներ, անհատներ, դիվանագետներ, Սփյուռք. շատ արագ գործելու ժամանակն է, յուրաքանչյուր րոպե հապաղման գինը` մարդկային կյանքեր են»: