Թուրքիան զորքեր կուղարկի Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանից նման խնդրանք ստացվի. Ֆուաթ Օքթայ


Թուրքիան զորքեր կուղարկի Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանից նման խնդրանք ստացվի. Ֆուաթ Օքթայ
Հոկտեմբեր 21 23:20 2020

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ իր երկիրը զորքեր կուղարկի Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանից նման խնդրանք ստացվի:

«Առաջին իսկ օրվանից մեր նախագահն արդեն նախանշել է իր դիրքորոշումը: Թուրքիան չի հապաղի, առավել ևս՝ մեր նախագահը», – ասել է Ֆուաթ Օքթայը՝ պատասխանելով CNN Turk հեռուստաալիքի հարցին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ն վտանգավոր են համարում Թուրքիայի ակտիվացմանը Անդրկովկասում։

 

Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ Թուրքիան արդեն իսկ անմիջական մասնակցություն ունի Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։

Աշխատանքային այցով այժմ Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Հայաստանի նախագահը մանրամասնորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը․ «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում»,-նշել է նախագահ Սարգսյանը:

 

«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա հետաքրքրվել է հակամարտության համատեքստում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներով։ Հայաստանի նախագահը հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում ապակայունացնող է և լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։

Россия сегодня-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը և կան այդ փաստը հաստատող բավարար ապացույցներ։

«․․․Ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը: Թուրքիան վարձել է այդ զինյալ-ահաբեկիչներին և տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Եվ Թուրքիայի որոշմամբ և հովանավորությամբ է որոշում կայացվել՝ պատերազմ սկսել, հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ:

 

Կարևոր է հասկանալ նաև՝ ինչու: Որովհետև ակնհայտ էր, որ Ադրբեջանի բանակը միայնակ ունակ չէ պատերազմել Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի դեմ: Եվ դրա համար էլ Թուրքիան որոշել է ներգրավել ահաբեկիչների: Թուրքական բանակը նույնպես ներգրավված է ռազմական գործողություններում՝ ոչ միայն ղեկավար կազմում, այլև անմիջականորեն թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները: Ըստ որոշ տեղեկությունների, այս ռազմական գործողություններում նաև ներգրավված են Պակիստանի բանակի հատուկջոկատայինները: Եվ ես կարծում եմ, որ նվազագույնը Թուրքիայի կողմից զինյալների մասնակցությունն արդեն ապացուցված է ողջ աշխարհում, քանի որ միջազգային շատ լրատվամիջոցներ արդեն գրում են այդ մասին»:



loading...