Հարավում մարտական գործողություններն ավելի են մոտեցել Արաքսին. ՀՀ ՊՆ


Հարավում մարտական գործողություններն ավելի են մոտեցել Արաքսին. ՀՀ ՊՆ
Հոկտեմբեր 21 23:15 2020

Վաղ առավոտից բոլոր ուղղություններով մարտերը շարունակվում էին: Այս մասին հոկտեմբերի 21-ի երեկոյան կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, մարտերը շարունակվել են նաեւ կենտրոնական ուղղությամբ:

Հյուսիսում հակառակորդը հարձակման մի քանի փորձ է կատարել, բոլոր գրոհները ճնշվել են, թշնամին հետ է մղվել՝ կրելով մեծ կորուստներ: Այս ուղղությամբ հակառակորդը կիրառել է տակտիկական ավիացիա, բայց առանց հաջողության:

Կենտրոնական ուղղությամբ հակառակորդը դիվերսիա է կիրառել: Թշնամու դիվերսանտները փորձել են թափանցել հայկական դիրքեր: Հայկական հրետանու պատասխան գործողություններից հետո դիվերսանտները դիմել են փախուստի: Այս ուղղությամբ հակառակորդը գործել է գրեթե առանց զրահամեքենաների աջակցության:

Հարավում մարտերը շարունակվել են: Ռազմական գործողությունները տեղափոխվել են ավելի հարավ՝ մոտենալով Արաքս գետի հունին: Թշնամին չի կարողացել հաջողության հասնել՝ մեծ կորուստներ կրելով: Այս ուղղությամբ թշնամին օգտագործում է մեծ թվով հետեւակ, դիվերսանտներ՝ օդային փոքր աջակցությամբ: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ առավոտյան Հայաստանի հակաօդային պաշտպանությունը խոցել է ադրբեջանական ինքնաթիռ, ինչի մասին հաղորդվել է:

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մարտերը կատաղի են, բայց ուժգնությունն ավելի քիչ է, քան անցյալ օրերի առավել կատաղի մարտերինը: