«Ո՞վ կարող է կանգնեցնել սուլթանին. միակ ուժը, որը կարող է իսկապես դա անել, Ռուսաստանն է». իսրայելցի քաղաքագետը՝ Թուրքիային կանգնեցնելու անհրաժեշտության մասին


«Ո՞վ կարող է կանգնեցնել սուլթանին. միակ ուժը, որը կարող է իսկապես դա անել, Ռուսաստանն է». իսրայելցի քաղաքագետը՝ Թուրքիային կանգնեցնելու անհրաժեշտության մասին
Հոկտեմբեր 20 21:45 2020

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի Соловьёв LIVE յութուբյան հաղորդման հյուրը՝ իսրայելցի դիվանագետ և քաղաքագետ Յակով Քեդմին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գործում Իսրայելի դերակատարությանն ու Թուրքիային կանգնեցնելու անհրաժեշտությանը:

 

«Սովորաբար մեր վարչապետը ոչինչ չի անում՝ չստանալով Վաշինգտոնի հավանությունը: Ստացել է արդյոք Վաշինգտոնից այդ թույլտվությունը, թե ոչ, ես չգիտեմ: Եվ թե որքանով դա կարող է վկայել Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին, պարզ կդառնա առաջիկա օրերին: Իսրայելը չպետք է միջամտի: Այն, ինչ մեզ հետաքրքրում է այսօր, ռազմական գործողությունների և արյունահեղության դադարն է: Իսկ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա հակամարտող կողմերի միջև»,- նշել է Քեդմին՝ անդրադառնալով Իսրայելի դիրքորոշմանը և վարչապետի հայտարարություններին:

«Այսօր Թուրքիան գտնվում է շատ վատ վիճակում: Չկա մի երկիր, որի հետ Թուրքիան լավ հարաբերություններ ունենա: Բացի այդ, Թուրքիայում վատ վիճակում է գտնվում տնտեսությունը: Եվ այն ագրեսիվ քաղաքականությունը, որը ղեկավարությունը փորձում է վարել, ներքին իրավիճակը ձեռքի տակ պահելու համար է»,-  մեկնաբանել է իսրայելցի մասնագետը:

 

Վերջինս խոսել է նաև Թուրքիային կանգնեցնելու հնարավորությունների և անհրաժեշտության մասին՝ նշելով, որ Եվրոպան ունակ չէ դա անելու:

«Ո՞վ կարող է կանգնեցնել սուլթանին, հնարավոր է արդյոք կանգնեցնել սուլթանին: Նա, ով կարող է իսկապես դա անել, Ռուսաստանն է: Միակ ուժը, որից նա վախենում է, Ռուսաստանն է: Ուրիշ ումից պետք է վախենա՝ Ֆրանսիայի՞ց, Հունաստանի՞ց, Գերմանիայի՞ց: Էրդողանը փորձում է ուժեղացնել թուրքական իսլամի, ագրեսիվ իսլամի, ահաբեկչական իսլամի տարածումը: Սա է իսլամական գաղափարախոսությունը, որն այսօր իշխում է Թուրքիայում, դա ահաբեկչության գաղափարախոսությունն է: Այսօր մենք բոլորս խոսքով և գործով պասիվ վերաբերմունք ենք ցույց տալիս Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը: Կրկնում եմ՝ միայն Ռուսաստանը կարող է կանգնեցնել»,- եզրափակել է փորձագետը: