Գիտնականները գտել են կորոնավիրուսի նոր թույլ տեղը


Գիտնականները գտել են կորոնավիրուսի նոր թույլ տեղը
Հոկտեմբեր 20 11:42 2020

ԱՄՆ-ից եւ Լեհաստանից գիտնականները գտել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր թույլ տեղը, ինչը կօգնի մշակել դրա դեմ նոր արդյունավետ դեղամիջոցներ։ Պարզվել է, որ մարդու օրգանիզմ թափանցելով՝ կորոնավիրուսն օգտագործում է «մոլեկուլային մկրատ», առանց որոնց չի կարող բազմանալ եւ անջատել իմունային պատասխանի համար կարեւոր սպիտակուցները։

Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում նշված է, որ «մոլեկուլային մկրատը» SARS-CoV-2-Plpro ֆերմենտն է, որը խթանում է սպիտակուցների արտադրումը, որոնք անհրաժեշտ են վիրուսի ռեպլիկացիայի (կրկնապատկման) համար, ինչպես նաեւ ճնշում է այնպիսի մոլեկուլները, ինչպես ցիտոկինները եւ խեմոկինները, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի ակտիվացման համար, որպեսզի այն հարձակվի վիրուսի վրա։ SARS-CoV-2-PLpro ֆերմենտը կտրատում է ուբիկվիտինը եւ ISG15-ը՝ խախտելով դրանց ֆունկցիան։

Գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2-Plpro-ն կարելի է արգելափակել երկու ինհիբիտորներով՝ VIR250-ով եւ VIR251-ով։ Հայտնի է, որ այս միացությունները մարդու օրգանիզմում ճանաչում են միայն կորոնավիրուսային սպիտակուցը եւ չեն արձագանքում մյուս համանման սպիտակուցներին։

Նոր կորանվիրուսը SARS-CoV-1-ից եւ MERS-ից, որոնք նմանօրինակ ֆերմենտներ ունեն, տարբերվում է այն բանով, թե ինչպես է գործում SARS-CoV-2-PLpro-ն։ Մասնագետները, սակայն, առայժմ չգիտեն՝ այս առանձնահատկությունը վճռորոշ դերակատարում ունի՞ մարդու վրա կորոնավիրուսի տարակերպ ազդեցության հարցում։



loading...