ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի երեկվա հայտարարությունից հետո, թե Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հեռանա, գործի են անցել Հայաստանի իրավապահ մարմինները: Մեր տեղեկություններով՝ նրան Ազգային անվտանգության ծառայությունից ծանուցագիր են ուղարկել, որ ներկայանա իրենց մոտ ու բացատրություններ տա:
Դավիթ Շահնազարյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ից իրեն ծանուցագիր ուղարկելու մասը հերքեց, սակայն այն, որ որևէ իրավապահ մարմնից իր հետ կապ են հաստատել երեկ, դա չհերքեց:
«Մամուլին բան չունեմ ասելու, ոչ մի ծանուցագիր չեմ ստացել»,-ասաց նա:
Հարցրինք՝ իսկ չեն էլ կապվե՞լ իր հետ, Շահնազարյանն ասաց. «ԱԱԾ-ից՝ ոչ»:
Իսկ այլ իրավապահ մարմինների՞ց:
«Առայժմ թողնենք: ԱԱԾ-ից ոչ ոք չի կապվել, ծանուցագիր չեմ ստացել»,-ասաց նա:
Հարցին՝ ոստիկանությունի՞ց են կապվել, Շահնազարյանը հորդորեց բավարարվել այսքանով. «Ախր, հասկանո՞ւմ եք, էս վիճակի մեջ դրանք էնքան մանրուքներ են, ո՛նց ասեմ, չեմ էլ ուզում էդ մասին խոսել»:










