Թուրքիայիում հայկական Պորտասարի մոտ սկսել են օդապարիկով թռիչքներ կազմակերպել


Թուրքիայիում հայկական Պորտասարի մոտ սկսել են օդապարիկով թռիչքներ կազմակերպել
Սեպտեմբեր 27 00:18 2020

Ուրֆա (Եդեսիա) քաղաքից 14-15 կմ հյուսիս-արևելքում գտնվող Պորտասար (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Գյոբեքլիթեփե) կրոնածիսական համալիրի մոտակայքում սկսել են օդապարիկով թռիչքներ կազմակերպել։

Akunq.net–ի փոխանցմամբ՝ նախքան թռիչքների կազմակերպումն այստեղ մեկ ամիս փորձնական թռիչքներ են իրականացվել։ Թռիչքներն սկսել են կազմակերպվել երեկվանից։ Առաջին թռիչքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 20։51-ին։ Այսպիսով, թուրքերը փորձում են հնարավորինս մեծ օգուտ քաղել UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական Պորտասարում զբոսաշրջության զարգացումից։

Նշենք, որ Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Պորտասարի հնավայրը շուրջ 12 հազարամյա պատմություն ունի։ Այստեղ հայտնաբերվել են 12 հազար տարի առաջ կառուցված մի սրբավայր և աշխարհի ամենահին պատկերագրերը։ Նեոլիթյան դարաշրջանին պատկանող Պորտասարի տաճարների խումբը գտնվում է ներկայիս Օրենջիք գյուղի մոտակայքում: Մոտավորապես 300 մ տարածքում կառուցված այս սրբատեղին ունի 15 մ բարձրությամբ պատեր:

Պորտասարը մինչ այժմ հայտնի առաջին սրբավայրն է աշխարհում: Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ: Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է: Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ աճել է Պորտասարի ստորոտին:

Պորտասարի պեղումներին մասնակցած հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով:

Պորտասարի սրբավայրի հայտնագործումը նաև հերքում է մինչ այժմ հայտնի պատմագիտական այն թեզը, թե քոչվոր համայնքները նստակյաց կյանքի են անցել գյուղատնտեսական կուլտուրաներ մշակելուց հետո միայն:

Հիշեցնենք, որ 2018 թ․ դեկտեմբերի 25-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019 թվականը հռչակել էր Պորտասարի տարի։ Նպատակը այս շրջաններում զբոսաշրջության զարգացումն էր։



loading...