Բզկտված հասարակություն․ ոստիկանն այլևս մերը չէ, իշխանությունը պետք է հեռանա․ «Հրապարակ»


Բզկտված հասարակություն․ ոստիկանն այլևս մերը չէ, իշխանությունը պետք է հեռանա․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 25 10:20 2020

«Համերաշխություն՝ ինքդ քեզ հետ, համերաշխություն՝ հասարակության ներսում։ Սա է առաջադեմ հասարակության բանաձևը, և այն ազգերը, որոնք գտել են համերաշխության ուղին, բարեկեցիկ ու ապահով պետություններ են ստեղծել, զարգացել ու առաջ գնացել։

Մենք՝ հայերս, համերաշխությամբ, համախմբմամբ երբեք աչքի չենք ընկել, և գուցե հենց դա է մեր անհաջողությունների պատճառը։ Բայց վերջին հարյուր տարվա ընթացքում մենք գոնե 2 անգամ աննախադեպ համախմբման բռնկում ենք ունեցել՝ 1988-ին և 2018-ին, որոնք, սակայն, չենք կարողացել կապիտալիզացնել։

88-ի համազգային համերաշխությունը 90-ականներին սկսեց քանդվել, երբ պետության ներսում բուն դրեցին անարդարությունն ու կեղծիքը, երբ փոքրաթիվ մարդիկ անարժանորեն սկսեցին հարստանալ, երբ ոմանց զավակները ծառայում էին սահմանին, մյուսներինը՝ տաքուկ երևաններում, երբ սկսեցին ընտրություններ կեղծել ու հասարակությունից թաքցնել իրական վիճակը։ Մի քանի տարի անց մենք արդեն ունեինք պառակտված ու ճամբարների բաժանված հասարակություն։

2018-ին էլ շանս ունեինք մեր համախմբումը վերածել աշխատանքի ու արդյունքի, բոլորս լծվել պետության զարգացմանն ու համազգային խնդիրների լուծմանը, բայց դա ընդամենը մի քանի ամիս տևեց։ Հետո սկսվեց սևերի ու սպիտակներ, յուրայինների և օտարների, արժանիների ու անարժանների բաժանումը։ Եվ հասարակությունը կրկին պառակտվեց, բանակների բաժանվեց։

Պարզվեց՝ կա իշխանություն և նրան համակրողների բանակ, ու կա ընդդիմություն և մերժվածների ու դժգոհների մի հսկա զանգված։ Եվ հասարակության մեջ տարանջատումն ու շահերի բախումը գնալով սկսեցին խորանալ։ Այլևս ոստիկանը մերը չէ, իշխանությունը պետք է հեռանա, և առջևում կրկին ընտրությունների ուրվականն է թևածում, որն ավելի է սրելու առճակատումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: