Վարդագույն փուչիկներով ու ծաղիկներով, բայց առանց մայրիկի. մահացած ծննդկանի դստերը դուրս գրեցին հիվանդանոցից (տեսանյութ)


Վարդագույն փուչիկներով ու ծաղիկներով, բայց առանց մայրիկի. մահացած ծննդկանի դստերը դուրս գրեցին հիվանդանոցից (տեսանյութ)
Սեպտեմբեր 22 23:42 2020

Օրեր առաջ «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանի նորածին աղջկան դիմավորում են փուչիկներով ու ծափերով: Երեխային այսօր դուրս գրեցին հիվանդանոցից:

Սեդայի ամուսինն ասում է՝ այս ողբերգությունն անզգուշության ու անփութության հետևանք է:   Ամուսնու ընկերը` Հովհաննեսը, հիշում է կատարվածը` բոլոր մանրամասնություններով: Ինչ ոգևորությամբ են սպասել փոքրիկի ծննդին, ինչպես է Սեդայի վիճակը վատացել, ու ինչ է ասել բժիշկն իրենց:

«Ներարկում են արել Սեդային, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Մենք մի քանի ժամ զանգում էինք, մեզ չէին պատասխանում: Հետո նորից զանգեցինք ու մեզ ասացին, որ Սեդայի վիճակը ծանր է: Բժիշկն էդ ժամանակ հարցրեց՝ ալերգիա ունի՞ հակաբիոտիկից: Մենք հասկացանք, որ հակաբիոտիկ են ներարկել ու Սեդան կյանքի ու մահվան կռիվ է տալիս» - պատմում է Սեդայի ամուսնու ընկերը՝ Հովհաննես Հարությունյանը:

Հարազատների խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն պարզ են, Սեդան մահացել է ներարկումից: Սեդայի հարազատները սլաքներն ուղղում են բժիշկների կողմը՝ դատաբժշկական փորձաքննության հայտնի արդյունքներով: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալն էլ նախ իր ցավակցությունն է հայտնում Սեդայի ընտանիքին, հետո հերքում բոլոր մեղադրանքները, ասում է՝ Սեդային ներարկել են այլ խմբի հակաբիոտիկ, իսկ անաֆիլակտիկ շոկը անկանխատեսելի երևույթ է:

Գրիգոր Աբրահամյանի փաստաբան Նարեկ Ալոյանը գործի նախաքննությանը չվնասելու համար ներկայացնում է միայն փաստեր, որոնք հստակ են ու անհերքելի:

«Հիմա փաստացի ունենք 2 գործողություն, որին ակնկալում ենք իրավական գնահատական, առաջինը՝ 2020-ի փետրվարից մինչև 2020-ի սեպտեմբերը տեղյակ լինելով, որ անձը հակաբիոտիկներից ալերգիա ունի, չեն ընտրել համապատասխան հակաբիոտիկ, և երկրորդը համապատասխան իրավիճակում անտիբիոտիկ ներարկելն է, որը առաջացրել է ռեակցիա» - ասում է փաստաբան Նարեկ Ալոյանը:  

Հարուցվել է քրեական գործ: Ներկայացվել է միջնորդություն՝ կոնկրետ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու ու նրան մեղադրանք առաջադրելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում