Մենք ապրելու, գործելու և արարելու ենք անկախ երկրում. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի շնորհավորական խոսքը


Մենք ապրելու, գործելու և արարելու ենք անկախ երկրում. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի շնորհավորական խոսքը
Սեպտեմբեր 21 13:20 2020

Հայաստանի և Արցախի  ամեն սանտիմետրը հայրենիք է, մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ։ Անկախության տոնի առթիվ այս մասին ասված է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի շնորհավորական խոսքում:

«Սիրելի´ հայրենակիցներ, զինվորական գործին նվիրյալ ընկերներ, զինծառայողներ, այսօր մեր երկրի կարևորագույն տոներից մեկն է՝ Անկախության օրը։  Անկախությունը դարեր շարունակ երանելի փափագ է եղել մեր նախնիների, մեր պապերի, մեր ծնողների համար, և, ցավոք, այն մեզ չի ժառանգվել սերնդեսերունդ, դրա համար ամեն սերունդ իր պայքարն է մղել, իր լուման է ներդրել՝ երբեմն աներևակայելի հաղթանակներ տանելով, երբեմն էլ կորուստներ կրելով և զրկվելով հայրենի հողի զգալի մասից։ 90-ականներին, երբ կենաց-մահու պայքար էր գնում ծովից ծով Հայաստանից մեզ բաժին հասած այս մի բուռ հայրենիքը պահելու համար, մենք ապացուցեցինք, որ արժանի ենք ու պետք է ունենանք մեր անկախ պետությունը, համայն աշխարհասփյուռ հայերի Մայր Հայրենիքը։

Մենք՝ զինվորականներս, լավ գիտակցում ենք, որ մենք ենք այսօր անկախության երաշխավորները, մենք ենք դարերի մեր համահավաք ձեռքբերման պահնորդները, և մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրը պահելիս ու պաշտպանելիս գիտենք, որ մեզ են ուղղված նախնյաց հայացքները, մեր ծնողների և երեխաների հույսերը։ Եվ սա բեռ չէ, ծանրություն չէ, սա մեր կամքն ավելի աննկուն դարձնող ուժ է, հպարտություն, որի համար ոչինչ չենք խնայի։

Աներկբայելի է՝ մենք ապրելու, գործելու և արարելու ենք անկախ երկրում՝ օրեցօր այն դարձնելով ավելի ծաղկուն, հզոր ու պաշտպանված։ Հայաստանի և Արցախի  ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է՝ սկսած մեր տնից, մինչև սահմանին տեղակայված դիրքեր, և մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ։ Շնորհավո՜ր մեր Անկախության տոնը»,-ասված է Օնիկ Գասպարյանի շնորհավորական խոսքում:



loading...