Բրեստում ոստիկանները կրակոց են արձակել և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ


Բրեստում ոստիկանները կրակոց են արձակել և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ
Սեպտեմբեր 20 23:21 2020

Բրեստում ոստիկանությունը նախազգուշական կրակոց է արձակել օդ և արցունքաբեր գազ կիրառել ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տարբեր Telegram-ալիքներում հրապարակված տեսակադրերը:

Ինչպես նշվում է, ՕՄՕՆ-ականները մոտեցել են ցուցարարների խմբին, որից հետո վերջիններս սկսել են ցրվել, լսվել է կրակոցի ձայն, որը նման է եղել պոմպային հրացանից արձակած կրակոցին:

Բելառուսի ՆԳՆ-ից հաստատել են, որ Բրեստում ոստիկանությունն իսկապես նախազգուշական կրակոց է արձակել՝ կանխելու համար հարձակումն ուժայինների վրա:

Նշենք, որ այսօր զանգվածային ցույցեր են տեղի ունենում Բելառուսի խոշոր քաղաքներում: Բախումներ և ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Միսնկում և Գոմելում: