Վայոց Ձորի մարզում կառուցվում են Հայաստանի ամենախոշոր արևային կայանները


Վայոց Ձորի մարզում կառուցվում են Հայաստանի ամենախոշոր արևային կայանները
Սեպտեմբեր 20 12:11 2020

 Արևային կայանը վերականգնվող էներգիայի մաս է: Այսինքն, քամուց և արևից ստացվող էներգիան կարելի է օգտագործել ի շահ պետության: Գլոբալ տաքացման ֆոնին ցանկացած երկրում արևային կայաններ տեղադրելը միանշանակ ճիշտ և շահավետ մոտեցում է վերականգնվող էներգիան խթանելու համար:

 

 

Այս բիզնես ծրագիրը Վայոց Ջորի մարզում 2-րդ ամենախոշոր ներդրումային ծրագիրն է, որը տեղադրված է Հերհեր գյուղում:

 

Ծրագրի ընդհանուր արժեքը 12.5 միլիոն դոլար է, որի մի մասը ֆինանսավորում է «Արմսվիս» բանկը, իսկ մյուս մասը` մասնավոր կապիտալ է. դրանք 5 մեգավատտ հզորությամբ 4 նախագիծ են: Ներդրողների մի մասը ամերիկահայեր են, մյուս մասը՝ 4 ընկերություն Հայաստանից («I solar», «Dustr solar», «Sun solar», «Arm solar»:

 

 

«Երբ որ մենք իմացանք, որ պետությունը թողարկում է լիցենզիաներ, որոշեցինք գլոբալ տաքացման ֆոնին մտածել բիզնես, որը կլինի էկո և միանշանակ, որպես ցանկացած բիզնես՝ կբերի եկամուտ: Հայաստանում ստեղծվեցին պայմաններ, որպեսզի մարդիկ մասնակցեն, մրցակցային հիմունքներով ձեռք բերեն լիցենզիաներ 20 տարի պայմանագրով էներգիա արտադրելու համար, 24,4 դրամ սակագնով՝ 1 կիլովատտի համար: Մենք ընկերներով որոշեցինք մասնակցել և կարողացանք ձեռք բերել կայաններ սարքելու թուլտվություն» - նշում է արևային կայանների ծրագրի 4 հիմնադիրներից մեկը՝ Արթուր Հովհաննիսյանը:

 

Mamul.am-ի հետ հարցազրույցում Արթուրը նշեց նաև, որ իրենք համագործակցում են Հայաստանում տարբեր ընկերությունների հետ և, նրա խոսքերով, երբ աշխատանքն արդեն հասնի իր գագաթնակետին, կլինեն 150-ից ավել աշխատատեղեր տեղի բնակիչների համար: Քանի որ ենթակայանները միացնելու են ՀԷՑ-ին, պետք է կառուցվի նաև 10.5 կիլոմետր 110 կիլովատտ գիծ: Բացի այդ, ծրագրի մեջ նախատեսված է նաև ճանապարհի հարթեցումը, քանի որ այս պահին այն ոչ այդքան լավ վիճակում է:

 

Ընկերությունը համագործակցում է գերմանական «Blumberg» թոփ 2-ի մեջ գտնվող «Jinko» ընկերության հետ, որը շուկայում է արդեն մոտ 15 տարի:

 

 

Կոնստրուկցիան լինելու է ուկրաինական ընկերությունից, որտեղ հումքը մատչելի գներով է և ավելի որակով, քան Հայաստանում, կաբելները և տրանսֆորմատորները ՝ ռուսական արտադրության: Պանելները՝ 560-580 վատտ ուժգնությամբ, որը այս պահին աշխարհում լավագույնն է համարվում:

 

«Ծրագիրն իր տեխնիկական պարամետրերով բավականին գրավիչ էր և սեփականատերերը երիտասարդ, բավականին դիվերսիֆիկացված բիզնեսներ ունեին և իրենց մոտեցումները մեզ համար ընդունելի էին, այդ իսկ պատճառով որոշեցինք ֆինանսավորել այդ ծրագիրը: Համոզված ենք, որ նպատակասլաց աշխատանք անելու դեպքում շուտով ներկա կլինենք բացմանը»- ասաց «Արմսվիս բանկ»-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

 

Իր հերթին Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ ներդրումների հիմնական նպատակը եղել է սոցիալական հարցերի լուծումը: Այս կերպ լուծվում է Հերհեր գյուղի բոլոր աշխատատեղերի հարցը:

 

Արևային կայանները կշահագործվեն 2021 թ. դեկտեմբերից: Նախապատրաստական աշխատանքները տևելու են 2 տարի, որոնց ընթացքում կկատարվեն ուսումնասիրություններ, քննարկումներ, փոփոխություններ և իհարկե՝ կառուցում: