Ասում են՝ չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները


Ասում են՝ չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները
Սեպտեմբեր 19 21:20 2020

«Էյջ վի էյջ» փաստաբանական գրասենյակը մի քանի ամիս է՝ դիմումներ է ստանում կորոնավիրուսից մահացածների հարազատներից՝ ուսումնասիրելու իրենց հարազատների մահվան հանգամանքները։

«Օրական 3-4 քաղաքացի դիմում է, արդեն տասնյակ դիմումներ ունենք։ Համարյա բոլոր դիմածները նշում են, որ իրենք չեն հավատում, որ իրենց հարազատները մահացել են կորոնավիրուսից, որովհետեւ շատ կասկածելի հանգամանքներում է ըստ իրենց մահն արձանագրվել»,-  NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Սուզաննա Խչեյանը։

Քաղաքացիները թերահավատորեն են մոտնում իրենց հարազատների մահվան նշված պատճառին քանի որ հիմնականում գրավոր չեն տեսել կորոնավիրուսի թեստի պատասխանը, բացի այդ նրանց մոտ կասկած է հարուցում մահվան վկայականներում նշված՝ մահվան պատճառը։

«Բոլորին տրվում են մահվան վկայականներ, որտեղ մահվան պատճառ է նշված ինչ-որ ծածկագիր՝ տառերի ու թվերի խումբ, նշված չի, որ կորոնավիրուսից է մահացել։ Դրա հետ կապված որոնողական աշխատաքններ ենք կատարել, փորձել ենք պարզել, թե դա ինչ է նշանակում, մեր միջոցներով դա հնարավոր չի եղել պարզել, ըստ այդմ բոլոր մահացածների դիմումների հիման վրա հարցումներ ենք ուղարկել եւ արդարադատության նապարարություն, եւ ՔԿԱԳ մարմիններ, եւ բժշկական կենտրոններ, որպեսզի պատասխանեն՝ ինչ է նշանակում այդ ծածկագրը, եւ դեռ պատասխանը չենք ստացել»,- ասաց փաստաբանը։

Սուզաննա Խչեյանի խոսքով՝ մյուս հանգամանքը, որ կասկած է հարուցում քաղաքացիների մոտ, այն է, որ նրանք իրենց հարազատներին հուղարկավորել են փակ, կնիքված դագաղներով, հիմնականում առանց նախապես դին ճանաչելու։

«Դիակի ճանաչման գործընթաց է եղել միայն այն դեպքում, երբ հարազատները պնդել են, մյուս դեպքերում հիմնականում չի եղել։ Մարդիկ կան, ասում են՝ նույնիսկ չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղղարկավորել, թե ոչ»,- նշեց փաստաբանը։

 Փաստաբաններին դիմումներում կան այնպիսիք, երբ մարդիկ հարազատներին տեղափոխել են հիվանդանոց այլ խնդրով, մի քանի օրից նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ու նրանք մահացել են։ 

«Օրինակ դեպք ենք ունեցել, երբ մեր գրասենյակ դիմած քաղաքացու հարազատին ուրիշ ախտորոշմամբ՝ օրինակ ստամոքսի խոցի հետ կապված, տեղափոխել են հիվանդանոց ներքին արյունահոսությամբ, հիվանդանոց տեղափոխելու պահին չի եղել նրա մոտ կորոնավիրուս, հիվանդանոց տեղափոխվելուց 3 օր անց նա մահացել է, եւ հանգուցյալին թեստավորել են դիահերձարանում, պատասխանը եղել է դրական, որից հետո էլ հարազատներին տեղեկացրել են, որ մահացել է կորոնավիրուսից։ Դեպք ունենք, երբ մարդը այլ հիվանդությամբ տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ արձանագրված չի եղել կորոնավիրուս, սակայն բուժման ժամանակ կրկին թեստավորել են հիվանդանոցում եւ նրա մոտ հայտնաբերվել վիրուսը, որից հետո մահացել է»,- ասաց Սուզաննա Խչեյանը։

 Փաստաբանական գրասենյակը դիմումներ է ստացել նաեւ կորոնավիրուսից մահացածների մարմինների վրա կապտուկների առկայության մասին։

Բացի այդ՝ քաղաքացիները բողոքել են, որ հարազատների հետ չեն կարողացել շփվել, նրանց մասին տեղեկություն ստանալ չեն կարողացել բժիշկներից։ Քաղաքացիներից մեկն էլ դիմել է՝ պատմելով, որ կապի մեջ է եղել իր հոր հետ, վիճակը լավ է եղել, դրանից մեկ օր հետո մահացել է։

«Անձի մոտ եղել է առջող վիճակ, ծանր չի եղել, հարազատներն էլ տեսակապով կարողացել են խոսել հոր հետ, խոսակցության ընթացքում հայրը հայտնեց՝ ես անջատում եմ, ինձ տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, դրա հաջորդ օրը մի կերպ բացատրել է, որ չգիտեմ՝ ինչ է եղել, ինձ տեղափոխել են վերակենդանացում, երեկոյան արձանագրվել է մահը»,- նշեց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ մահացածներից շատերի հարազատները անհրաժեշտության դեպքում համաձայն են արտաշիրիմման:

Բացի այդ՝ գրասենյակ դիմած քաղաքացիները նաեւ պարետատան աշխատաքների թերացումների  մասին են արձանագրել։

«Մի քաղաքացու մահվանից 7-8 օր հետո պարետատնից զանգել են մահացածի տուն, ասել, որ մեկուսանա, այնինչ մի շաբաթ առաջ հուղարկավորել են նրան։ Եղել են դեպքեր, երբ կորոնավիրուսով մահվան դեպքից հետո ըստ կառավարության որոշման պետք է հարազատները ինքնամեկուսացվեն կամ մեկուսացվեն, պարետատունը ոչ մի ձեւեով չի արձագանքել, նրանց մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջ չի դրել։ Ունենք դեպք, երբ կորոնավիրոսով մահացած ընտանիքից երկու հոգու են թեստավորվել, ընտանիքը բոլոր մեկուսացվել են մեկ բնակարանում, նույնիսկ այս երկու հոգու բժշկական օգնությունը պատշաճ չի տրամադրվել։ Մյուս խնդիրն էլ, որ ինքնամեկուսացվելուց հետո քաղաքացիները շանս չունեն պարեն գնելու, առաջին անհրաժեշտության իրեր՝ մթերք գնելու, նման պայմաններում եթե չլիներ հայկական մենթալլիտետը, հարեւան բարեկամի ֆակտորը, ապա այդ մարդիկ սովի կմատնվեին»,- նշեց փաստաբանը։

Փաստաբանները հարցումների պատասխանները ստանալուց հետո միայն կկարողանան   հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

 

 



loading...