Խաչատուր Սուքիասյանի աղջկա սրճարանը սնանկացման եզրին է, դիմել է ՏՄՊՊՀ և դատարան՝ ընդդեմ քաղաքապետարանի


Խաչատուր Սուքիասյանի աղջկա սրճարանը սնանկացման եզրին է, դիմել է ՏՄՊՊՀ և դատարան՝ ընդդեմ քաղաքապետարանի
Սեպտեմբեր 18 12:26 2020

Խաչատուր Սուքիասյանի աղջկան պատկանող սրճարանը սնանկացման եզրին է, նա դիմել է ՏՄՊՊՀ և դատարան՝ ընդդեմ քաղաքապետարանի։

Local’s by Baguette & Delices սրճարանը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՏՄՊՊՀ կողմից հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ կայքից։

Ըստ ընկերության՝ իրենք դիմել են քաղաքապետարանին Մաշտոցի պողոտայում գտնվող սրճարանի դիմացի հատվածը վարձակալելու համար, սակայն «հակաօրինական հիմնավորումներով իրենց հայտերը մերժվել են»։ Սրճարանը ՏՄՊՊՀ-ին հայտնել է, որ «նշված հատվածը բացառապես չի խանգարում հետիոտներին և կանաչապատ չէ»։

 

«Ընկերությանը պատասխանել են, որ հայտը մերժում են, քանի որ քաղաքապետարանը քննարկում է Մաշտոցի պողոտայի մայթերի և տարածքների վերակառուցման խնդիրը, միաժամանակ հայտնում, որ քաղաքապետարանը չի տրամադրում ոչ մի տարածք հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային ծառայություն կազմակերպելու համար»,- նշել է սրճարանի իրավաբանական անձ «Բագետ ընդ Դելիսես» ՍՊԸ-ն՝ ՏՄՊՊՀ ուղարկած իր դիմումում՝ ավելացնելով, որ ըստ իրենց ուսումնասիրության, Մաշտոցի պողոտայի ամբողջ երկայնքով, երկու մայթերին գործում են տարատեսակ տաղավարներ և որ «Երևանի քաղաքապետարանը դրսևորում է անհավասար մրցակցության կանոններ, և ընկերությունը զրկվում է շահույթից ու արդեն իսկ կանգնած է սնանկացման եզրին»։

ՏՄՊՊՀ-ն քաղաքապետարանից պահանջել է ներկայացնել «Բագետ ընդ Դելիսես»-ի հետ ողջ թղթակցությունը, Երևանի կենտրոնում հողատարածքների օգտագործման թույլտվություն հայցած և մերժված սուբյեկտների մասին տեղեկատվությունը, տրամադրված հողատարածքների մասին տեղեկատվությունը։ Քաղաքապետարանը, սակայն չի ներկայացրել համապատասխան պայմանագրերը։ Սրա հիման վրա վարչական վարույթ է հարուցվել քաղաքապետարանի կողմից օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ։ Իսկ «Բագետ ընդ դելիսես»-ի դիմումի ժամկետի ընթացքը կասեցվել է՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով։

Ովքե՞ր են Local’s by Baguette and Delices-ի սեփականատերերը

 

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ «Բագետ ընդ Դելիսես»-ն  ստեղծվել է 2019-ին ու ունի երեք սեփականատեր՝ յուրաքանչյուրը 33,3 տոկոս բաժնեմասով։ Նրանցից առաջինը Աստղիկ Սուքիասյանն է՝ գործարար Խաչատուր Սուքիասյանի դուստրը (նա ամուսնացած է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի որդու հետ)։ Մյուս 33,3 տոկոս բաժնեմասի սեփականատերը Բելլա Հովհաննիսյանն է՝ հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ»-ի նախկին կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանի կինը։ Բարսեղյանը ներկայում «Յուքոմ»-ից հեռացած Հայկ և Ալեքսանդր Եսայանների հիմնած «Թիմ» ընկերությունում է՝ դարձյալ որպես կոմերցիոն տնօրեն։ Ընկերության մնացած Մնացած 33,3 տոկոսի բաժնետերը Ֆրանսիայի քաղաքացի Ստեֆան Գրոն է։

Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հայտնեց՝ իրենք դրական կարծիք են ներկայացրել սրճարանի հատվածում սեզոնային սեղանների վերաբերյալ, սակայն որոշում կայացնող հիմնական մարմինը քաղաքապետարանն է, և մերժումն այնտեղից է եղել. «Միգուցե նորմատիվների հետ կապված խնդիր կա, միգուցե շենքի հետ կապված խնդիրներ կա։ Շենքը, որի տակ գտնվում է սրճարանը, հուշարձանների ցանկում է։ Չեմ կարող ասել»,- նշեց թաղապետը։

Սրճարանի բաժնետերերից Բելլա Հովհաննիսյանի ամուսինը՝ Արամ Բարսեղյանը, ասաց՝ դիմել են ոչ միայն ՏՄՊՊՀ, այլև վարչական դատարան՝ համարելով, որ «արդար մրցակցություն չէ այն, որ շրջակայքի մյուս սրճարաններն ունեն բացօթյա գործունեություն կազմակերպելու հնարավորություն, իսկ իրենք չունեն»։

«Մայթը մեզ մոտ շատ ավելի լայն է ու այն հետիոտներին չի կարող խանգարել։ Մենք պատրաստ էինք մեր դիմացի տարածքը բարեկարգել ու քաղաքապետարանի պատասխանը, մերժումը ոչ թե որևէ հղում է օրենքի, այլ ուղղակի ասում են՝ նպատակահարմար չենք գտնում»,- նշեց Բարսեղյանը։ Նա վերահաստատում է՝ քաղաքապետարանի կողմից իրենց դիմումին չընդառաջելը հանգեցրել է նրան, որ սրճարանը սնանկացման եզրին է, քանի որ մի կողմից կորոնավիրուսի հետևանքները, մյուս կողմից ամառային սեզոնին փակ տարածքում նստելու ցանկության բացակայությունը իրենց կանգնեցրել են շահույթից զրկվելու խնդրի առաջ:

civilnet.am