Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Mitsubishi Colt-ի վարորդը Խաչփառ գյուղում բախվել է գազատար խողովակի հենասյանը, տապալել այն


Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Mitsubishi Colt-ի վարորդը Խաչփառ գյուղում բախվել է գազատար խողովակի հենասյանը, տապալել այն
Սեպտեմբեր 2 20:57 2020

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խաչփառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին և ուղևորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները: Օպերատիվորեն ժամանել է նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդն ու ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: