Գործարանի տարածքում գործ էինք անում, չեմ էլ պատկերացրել, որ այդքան ուժեղ պայթյուն կլինի. Գործարանի բանվոր


Գործարանի տարածքում գործ էինք անում, չեմ էլ պատկերացրել, որ այդքան ուժեղ պայթյուն կլինի. Գործարանի բանվոր
Սեպտեմբեր 1 19:13 2020

Ժամը 12-ի կողմերն էր, պայթյունի ձայնը որ լսեցինք, դուրս եկանք, էդպես իմացանք, թե ինչ է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արմավիր գյուղում «Պռոշյանի կոնյակի գործարանի» հարեւանությամբ ապրող բնակիչներից մեկը:

«Մենք առաջ չենք գնացել, նույնիսկ իրենց աշխատողներին են դուրս հանել այնտեղից, որ ավել զոհեր չունենան: Տուժողներին չեմ ճանաչում, այնտեղ չեմ աշխատում»,-ասաց նա:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ մահացողին հեռակա ճանաչում է. «Շատ խելացի տղա էր, թե ոնց է եղել, ես չեմ կարող ասել»:

Գործարանի բանվորներից Արամայիս Յավրյան մեզ հետ զրույցում ասաց, որ պայթյունի պահին ինքը գործարանի տարածքում է եղել, սակայն ավելի հեռու դեպքի վայրից. «Պայթյունի պահին էդտեղ չեմ եղել, երբ պայթյունը լսեցի, միանգամից գնացել եմ մոտիկ, բայց մեզ դուրս եմ հրավիրել: Գործարանի տարածքում գործ էինք անում, չեմ էլ պատկերացրել, որ այդքան ուժեղ պայթյուն կլինի: Գնացի տեսա արդեն կրակ է վառվում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Կա երկու զոհ եւ չորս տուժած: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Նշենք, որ «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել են մասնաճյուղի, զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները։

Գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը նշել է, որ գործարանն ուներ մոտ 200 աշխատակից, մահացել է մասնաճյուղի տնօրենը եւ զոդման աշխատանքներ իրականացնող ձեռնարկության տնօրենը: Մնացած չորս վիրավորներին տեղափոխել են Երեւան,  նրանք միջին այրվածքներ ունեն: