Արցախի բուհերում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից, իսկ դպրոցներում՝ 14-ից


Արցախի բուհերում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից, իսկ դպրոցներում՝ 14-ից
Օգոստոս 27 21:00 2020

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներն Արցախում մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից, իսկ բուհերում դասերը  սկսվելու  են  սեպտեմբերի  1-ից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Արցախպրես»-ը,  այս  մասին  «Կորոնավիրուսի   ազդեցությունը  կրթության  իրավունքի   իրացման   վրա. հիմնախնդիրներ  և   լուծումներ»  թեմայով      քննարկման   ժամանակ   ասել  է  ԱՀ  կրթության, գիտության  և  մշակույթի    նախարար   Լուսինե  Ղարախանյանը:

ԱՀ ԿԳՄ նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին դասարանցիները՝  սեպտեմբերի 1-ին, 1-1,5 ժամով ուսուցիչների հետ հաճախելու են դպրոց՝ ի նշանավորումն  գիտելիքի օրվան:

«Մենք այն կարծիքին  ենք, որ սովորողները դիմակ  դասապրոցեսի ընթացքում չպետք է կրեն. ներկա  դրությամբ մինչև 10 տարեկան երեխաները հաստատ դիմակ չեն կրելու. մնացածների  հարցերը  դեռ  քննարկվում են: Դասերը  լինելու  են  վեցօրյա՝  35 րոպեանոց: Ուսումնական հաստատություններում  արգելվելու է զանգվածային միջոցառումների  կազմակերպումը: Դպրոցի կողմից կազմակերպվող  արտաուսումնական խմբակների գործունեությունը դադարեցվելու է, եթե  իսկապես դրանք խանգարիչ  միջոցներ  են: Բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն  100-ից ավել աշակերտներ և կարողացել են կազմակերպել արտադպրոցական պարապմունքներ, մենք այսուհետ ևս թույլատրելու ենք: 

Ժամանակավորապես դադարեցվելու է 100-ից ավել աշակերտներ ունեցող ուսումնական  հաստատությունների կողմից  կազմակերպվող խմբակների գործունեությունը: Ի դեպ, այդ դպրոցները    գործելու են ոչ միայն երկհերթ, այլև մեկ հերթով: Ուսումնական հաստատություններում ժողովների  և  հավաքների գործընթացը պետք է իրականցնենք հեռավար եղանակով կամ բացօթյա միջավայրում՝   պահպանելով հակահամաճարակային իրավիճակը»,- ասել է նախարարը:

Խոսելով բուհերի մասին՝  Ղարախանյանը  նշել  է, որ Շուշիի տեխնոլոգիական և Արցախի պետական  համալսարաններում կենդանի ուսուցում է լինելու. Համավարակի  գրանցված ցուցանիշների աճի դեպքում անցում է կատարվելու առցանցի: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը լուծել է նաև երթուղայինների հարցը: