Բուլղարիայի վարչապետը որոշել է փոխել երկրի սահմանադրությունը


Բուլղարիայի վարչապետը որոշել է փոխել երկրի սահմանադրությունը
Օգոստոս 15 22:50 2020

Ավելի քան մեկ ամիս շարունակվող զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին երկրի դե ֆակտո ղեկավար վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Ի թիվս այլ բաների, նախարարների կաբինետի ղեկավարն առաջարկում է փոխել խորհրդարանի անդամների թիվը՝ 240-ից դարձնելով 120, բարեփոխել դատական համակարգը եւ կրճատել արդարադատության նախարարի լիազորությունները, հայտնում է RG-ն:

Ըստ ամենայնի, Բորիսովը որոշել է քաղաքացիների ուշադրությունը բողոքի ցույցերից տեղափոխել հանրապետության հիմնական օրենքի շուրջ բանավեճերի վրա: Տեղի քաղաքագետները քաղաքական մոդելը վերափոխելու նրա ծրագրերում իշխանությունը հնարավորինս երկար պահելու ցանկություն են տեսել:

Բուլղարիայի սահմանադրության մեջ փոփոխությունը հաստատվում է, այսպես կոչված, Մեծ ժողովրդական ժողովի քվեարկությամբ: Այս մարմնի գումարման համար, որի նիստը վերջին անգամ եղել է 30 տարի առաջ, պահանջվում է խորհրդարանի անդամների երկու երրորդի դրական որոշումը: Բուլղարիայի առաջատար ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության նախագահ Կորնելիա Նինովան արդեն իսկ այդ քայլի նկատմամբ անվստահություն է հայտնել: Սա նշանակում է, որ Բորիսովի կողմից վերահսկվող իշխող «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման»-ի ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի բոլոր մյուս քաղաքական ուժերի աջակցությունը:

Ինչով էլ վերջանան սահմանադրության շուրջ վեճերը, փոփոխությունների հետ կապված ընթացակարգը կտեւի ամիսներ, որի ընթացքում գործող կառավարությունը կշարունակի ղեկավարել երկիրը:

Բորիսովի գործողություններին արդեն հետեւել է կտրուկ բացասական արձագանք՝ նրա հիմնական հակառակորդ, նախագահ Ռումեն Ռադեւի կողմից, ով տարվա սկզբին հայտարարել էր կառավարության նկատմամբ վստահությունը կորցնելու մասին: «Սահմանադրության եւ Բուլղարիայի ապագայի մասին խոսակցությունը հնարավոր է միայն հասարակության կողմից պահանջվող հրաժարականներից եւ արդար արտահերթ ընտրությունների անցկացումից հետո»,- ասել է նա:



loading...