Հնդկաստանը կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ է փորձարկում եւ պատրաստ է դրանք արտադրել


Հնդկաստանը կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ է փորձարկում եւ պատրաստ է դրանք արտադրել
Օգոստոս 15 22:02 2020

Հնդկաստանը կորոնավիրուսի վարակի դեմ երեք պատվաստանյութ է փորձարկում, եւ արդեն պատրաստ է դրանք քաղաքացիների շրջանում տարածելու ծրագիրը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Անկախության ազգային տոնի առթիվ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Երեք պատվաստանյութեր փորձարկման տարբեր փուլերում են: Երբ գիտնականները հավանություն տան, մենք պատրաստ կլինենք արտադրել դրանք: Մենք ունենք ճանապարհային քարտեզ, թե ինչպես պատվաստանյութը կհասնի ամեն հնդիկին ամենակարճ ժամանակահատվածում»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ թվային առողջապահության ազգային ծրագրի շրջանակներում Հնդկաստանի յուրաքանչյուր քաղաքացի առողջության նույնականացման քարտ (Health ID card) կստանա։ «Յուրաքանչյուր հնդիկ առողջության քարտ կստանա: Ամեն անգամ, երբ այցելեք բժշկի կամ դեղատուն, այն կնշվի ձեր առողջության քարտում եւ կարտացոլվի ձեր պրոֆիլի վրա՝ համազգային մակարդակով: Բժշկի նշանակումից մինչեւ առաջարկվող դեղորայքը, ամեն ինչ կնշվի ձեր առողջության պրոֆիլում»,- նշել է Մոդին՝ խոսելով Կարմիր ամրոցի պատշգամբից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր պայքարում են համավարակի դեմ: «Ամբողջ ազգի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ բոլոր պայքարողներին՝ իրենց ջանքերի համար: Բոլոր այն բուժաշխատողները, բժիշկներն ու բուժքույրերը, ովքեր անխոնջ աշխատում են ազգին ծառայելու համար»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ հնդկական Zydus Cadila եւ Bharat Biotech ընկերությունները հայտարարել էին, որ սկսել են իրենց ZyCoV-D եւ COVAXIN պատվաստանյութերի փորձարկումների առաջին փուլերը: Բացի այդ, Հնդկաստանի Շիճուկի Ինստիտուտը հայտարարել է երկրում Covishield պատվաստանյութի փորձարկումների վերջնական փուլի մեկնարկի մասին, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca ընկերության կողմից:

Հնդկաստանը օգոստոսի 15-ին նշում է Անկախության ազգային տոնը` 1947-ին այդ օրը ուղիղ կեսգիշերին անկախ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն Նյու Դելիում Կարմիր ամրոցի վրա բարձրացրեց ազգային եռագույն դրոշը` խորհրդանշելով բրիտանական գաղութարարների հեռանալը: Տոնակատարությունը տեղի է ունեցել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած հատուկ պայմաններում: Կարմիր ամրոցում կայացած արարողության ժամանակ սովորականից ավելի քիչ մարդիկ են եղել, քան սովորաբար, երեխաներ եւ դպրոցականներ ընդհանրապես չեն եղել, բոլորը դիմակներով եւ միմյանցից երկու մետր հեռավորությամբ են նստել։