Apple-ը դատական հայց է ներկայացնում ընդդեմ Prepear-ի տանձով լոգոտիպի պատճառով


Apple-ը դատական հայց է ներկայացնում ընդդեմ Prepear-ի տանձով լոգոտիպի պատճառով
Օգոստոս 9 21:53 2020

Apple-ը դատական հայց կներկայացնի ընդդեմ Prepear-ի ծրագրավորողների տանձով լոգոտիպի պատճառով, հաղորդում է IXBT-ն։

Prepear հավելվածն օգնում է օգտատերերին գտնել բաղադրատոմսեր, ուտեստներ, կազմել ցանկեր եւ կազմակերպել սննդի առաքումը։ Apple-ի պնդմամբ՝ Prepear-ի լոգոտիպը չափազանց նման է իրենց սեփական լոգոտիպին։

Prepear-ի ծրագրավորողները հայտարարել են, որ այդ հայցը լուրջ հարված է հասցրել ընկերությանը։ Նրանք ստիպված էին ծախսել մի քանի հազար դոլար եւ աշխատանքից հեռացնել ընդամենը հինգ հոգուց բաղկացած թիմի անդամներից մեկին։

Prepear ընկերությունը ստեղծել է ստորագրահավաք Change.org կայքում, որի միջոցով փորձում են համոզել Apple-ին հրաժարվել հայցից։ Նաեւ ստորագրահավաքով մեծ տեխնոլոգիական ընկերություններին կոչ են անում հրաժարվել իրենց ֆինանսական դրությամբ չարաշահելու հնարավորությունից՝ հետապնդելով փոքր ձեռնարկություններին, որոնք դժվարությունների հետ են բախվել COVID-19-ի պատճառով։

Prepear-ը պնդում է, որ Apple-ը ներկայացրել է այդպիսի տասնյակ հայցեր ընդդեմ մրգերի հետ կապված լոգոտիպ ունեցող փոքր ընկերությունների անգամ այն դեպքերում, երբ լոգոտիպը կամ ոլորտը որեւէ կերպ կապ չունեին Apple-ի հետ։