Բելառուսում ձերբակալվել են ռուսական «Дождь» հեռուստաընկերության լրագրողները


Բելառուսում ձերբակալվել են ռուսական «Дождь» հեռուստաընկերության լրագրողները
Օգոստոս 9 20:28 2020

Բելառուսում, որտեղ այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ, ձերբակալվել են «Անձրև» հեռուստաընկերության լրագրողները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»  գործակալությանը տեղեկացրել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Ձյաձկոն` նշելով, որ լրագրողների հետ դեռևս որևէ կապ չկա:

 

Ռուսական հեռուստաալիքի տելեգրամյան էջում տեղեկություն է հրապարակվել երկու թղթակցի և օպերատորի ձերբակալման մասին: Նշվում է, որ «քաղաքացիական հագուստով և դիմակներով մարդիկ նրանց պառկեցրել են ասֆալտին և տարել են անհայտ ուղղությամբ»: Բելառուսի նախագահի չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբի անդամ Մարիա Կոլեսնիկովան հեռուստաընկերությանը պատմել է, որ լրագրողներին ու թղթակիցներին տարել են իր հետ զրուցելուց հետո:

«Ես այժմ կարող եմ հաստատել միայն այդ տեղեկությունը: Ոչ մի մանրամասն դեռևս չունենք: Ձերբակալված լրագրողների հետ նույնպես կապ չկա»,-տեղեկացրել է Ձյաձկոն գործակալությանը:

 

Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվում: Երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան հայտարարել է, որ հանրապետության նախագահական ընտրություններն արդեն կայացած են համարվում, քանի որ ԿԸՀ տվյալների համաձայն՝ 12։00-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 13։00) քվեարկությանը ներկայացել է ընտրողների մոտ 54․57 տոկոսը: