Լուկաշենկոն պատմել է Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ Պուտինից ստացած նամակի մասին


Լուկաշենկոն պատմել է Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ Պուտինից ստացած նամակի մասին
Օգոստոս 9 19:40 2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նամակ է ստացել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից, որում շարադրված են Մինսկի մոտակայքում ձերբակալված ՌԴ 33 քաղաքացիների վերաբերյալ փաստերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Փաստերը կուսումնասիրվեն Բելառուսի քննչական կոմիտեում:

Բելառուս առաջնորդի խոսքերով`նամակը բաղկացած է 5 էջից: Լուկաշենկոն պատմել է, որ Պուտինը առաջարկել է մանրամասն ուսումնասիրել իրավիճակը և կիսվել տեղեկատվությամբ, որը կա Մոսկվայի տրամադրության տակ:

 

Բելառուսի նախագահը ընդգծել է նաև, որ Մինսկը միշտ պատրաստ է Մոսկվայի հետ համագործակցության և ընտրություններից հետո հարաբերությունները նորմալ կլինեն:

«Մենք Ռուսաստանի նախագահի հետ որոշում կընդունենք և ոչ մի ԶԼՄ, «Վագներներ» և նմանատիպ բաներ չեն կարողանա ազդել դրա վրա: Սա Ռուսաստանի նախագահի հետ մեր խոսակցության հիմքն է»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուս առաջնորդը նշել է նաև, որ ռուս և ուկրաինացի դատախազները չեն եկել Բելառուս` քննարկելու համար ձերբակալվածների հարցը, նրանք «թքած ունեն նրանց ճակատագրերի վրա»:

«Չեն գա, ուրեմն մենք ինքնուրույն ի մի կբերենք իրավիճակը և կլուծենք այս հարցը: Ուկրաինան, ինչքանով ես եմ տեղեկացված, ուղարկել է իր դիտողություններն ու առաջարկները»,-ասել է Լուկաշենկոն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով:

Զինյալները, սակայն, հարցաքննության ժամանակ հայտնել են, որ իրենց վերջնակետը ոչ թե Մինսկն է եղել, այլ Մինսկից Ստամբուլով Լատինական Ամերիկայի երկրներից մեկում հայտնվելը: