Մահացած ծառերի շնչող բները. լոռեցի Արարատի յուրօրինակ արվեստանոցը


Մահացած ծառերի շնչող բները. լոռեցի Արարատի յուրօրինակ արվեստանոցը
Օգոստոս 9 18:54 2020

46-ամյա Արարատ Նալբանդյանը ծառերի բներից յուրօրինակ քանդակներ է ստեղծում։ Լոռվա մարզի Կուրթան գյուղի նրա տան սենյակները ցուցասրահ են դարձել՝ 10 տարվա աշխատանքների ցուցադրության համար։ «Ազատություն», «Քրիստոսի հարություն» եւ այլ անուններով քանդակները ստեղծվել են ամիսներից մինչեւ տարիներ տեւած աշխատանքի արդյունքում։

«Ներսից են բոլոր աշխատանքներս, մի գործի վրա աշխատելու ընթացքում հաջորդ աշխատանքս արդեն ձեւավորվում է ներսում, արդեն գիտեմ՝ ինչ եմ անելու»,- ասում է Արարատը։

Արարատն ինքնուս է, քանդակները իմպրովիզ են, աշխատում է առանց էսքիզների։

«Նույն աշխատանքը երկրորդ անգամ չեմ կարող կրկնել։ Այն պահին, երբ դա արել եմ, այսօր այդ չեմ ես, ապրումներն ու ամեն ինչը դրա մեջ են»,- ասում է նա։

Արարատը հայրական տանը միայնակ է ապրում, զբաղվում է խոզապահությամբ՝ քանդակների վրա աշխատելու ժամանակ խնայելու համար։ Չնայած շատ առաջարկներին՝ արտերկիր տեղափոխվելու, քանդակները վաճառելու կամ դրանք այլ վայրերում ցուցադրելու, Արարատը համառորեն կապված է հայրենի գյուղին ու տանը։ Շահավետ առաջարկներից հրաժարվելով՝ ինքնուրույն որոշել է իր տունը վերանորոգել ու թանգարան դարձնել՝ Կուրթանում տուրիստներին ընդունելու համար։ Դրա համար, սակայն, օրվա ապրուստով ապրող արվեստագետին ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ։

«Ինձ համար զոհաբերություն է, որ վաճառեմ թեկուզ քանդակներից մեկը, բայց պատրաստ եմ դա անելու։ Ամբողջ ֆինանսի մեծագույն մասը կգնա թանգարանի վերանորոգման, գովազդին, որ մարդիկ իմանան տեղը, գան։ Հին է տունը շատ, տախտակին չի լինում քանդակները դնել, պետք է սալիկապատվի, լույսեր տեղադրվեն։ Ես նեղվում եմ, որ ժամանակն անցնում է, չի ստացվում, բայց ընդամենը ժամանակի խնդիր է, դժվարն արել եմ արդեն»,- ասում է նա։

Արարատն ասում է՝ իր նպատակների համար զոհաբերել է թե անձնական, թե ճոխ կյանքի հնարավորությունը․ «Ես կարող էի առաջին գործս վաճառել, թագավորի պես ապրել։ Բայց պահում եմ դա։ Առանց զոհաբերության ոչինչ չի լինում։ Իմաստուններից մեկն ասել է՝ մարդ գլխավոր երկու բան ունի․ առաջինը որ աշխարհ ես գալիս այդ օրը, երկրորդը՝ հայտնաբերում ես, թե ով ես դու, ինչու ես եկել։ Երկրորդը ես գտել եմ, ու կայացա, ապացուցեցի ինքս ինձ։ Ներքին հանգստություն գտնելն ամենամեծ երջանկությունն է»։