«Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետ


«Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետ
Օգոստոս 7 09:38 2020

«Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսն աշխարհի համար կանխատեսել է կորոնավիրուսից էլ ավելի վատ աղետ: Նա ընդգծել է, որ նոր վարակի ի հայտ գալը հանգեցնում  է ողբերգական թվով մահերի, մարդկանց ստիպում է վախենալ լքել իրենց տները և տանում է այնպիսի տնտեսական ճգնաժամի, որի նմանը չեն տեսել շատ սերունդներ: Սակայն, հնարավոր է, որ լինի շատ ավելի լուրջ ճգնաժամ:

 

«Ակնհայտ է, որ ես խոսում եմ CoViD-19-ի մասին: Բայց ընդամենը մի քանի տասնամյակ անց նույն նկարագրությունը կհամապատասխանի մեկ այլ գլոբալ ճգնաժամի` կլիմայի փոփոխությանը: Ինչքան էլ սարսափելի է այս համաճարակը, կլիմայի փոփոխությունը կարող է լինել նույնիսկ ավելի վատ»,- Life.ru-ի փոխանցմամբ`  իր բլոգում գրել է «Microsoft»-ի հիմնադիրը:

Նա հավելել է, որ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ դժվար է մտածել այլ բանի մասին, քան սեփական անվտանգության, և թվում է` գլոբալ տաքացումը շատ հեռու ինչ-որ բան է, սակայն դա ոչ պակաս լուրջ խնդիր չի դարձնում այն: Հնարավոր ամենավատ կլիմայական հետևանքներից խուսափելու միակ ուղին ջանքերի ակտիվացումն է հիմա:

Գեյթսը նշել է, որ պետք է ստեղծվեն և իրականացվեն նորարարություններ, որոնք կվերացնեն ջերմոցային գազերի արտանետումները: Նա հավելել է, որ վերլուծաբանների կանխատեսումները ցույց են տալիս, որ համաճարակի ընթացքում մթնոլորտում վնասակար նյութերի նվազում է գրանցվել, սակայն դա դեռ բավարար չէ:

«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ վնասներ կպատճառի կլիմայի փոփոխությունը,  ապա նայեք CoViD-19-ին և հետևանքները տարածեք շատ ավելի երկար ժամանակահատվածում: Այս համաճարակի հետևանքով մարդկանց մահերը և տնտեսական տառապանքը հավասար են նրան, ինչ տեղի կունենա պարբերաբար, եթե մենք չվերացնենք աշխարհում ածխածնի արտանետումները»,- նշել է Գեյթսը:

Ըստ Գեյթսի` մինչև 2100 թվականը ջերմաստիճանի բարձրացումից մահվան դեպքերը հինգ անգամ կավելանան: