Դանակահարություն Ռուբինյանց փողոցում․ Զեյթունի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)


Դանակահարություն Ռուբինյանց փողոցում․ Զեյթունի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
Օգոստոս 5 17:42 2020

Օգոստոսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ գոտկատեղի կտրած-ծակած վերքով 32-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ահազանգը ստանալուն պես հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ հաջորդ օրը կասկածյալը հայտնաբերվեց:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է նույն փողոցի 48-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում, կասկածվողը ոչ միայն ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այլև ներկայացրեց հանցագործության գործիք դանակը:

Հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է: