Դանակահարություն` Ջանֆիդա գյուղում․ տուժողը բժիշկներին խաբել է, թե վերքերն անփութության հետևանքով է ստացել (տեսանյութ)


Դանակահարություն` Ջանֆիդա գյուղում․ տուժողը բժիշկներին խաբել է, թե վերքերն անփութության հետևանքով է ստացել (տեսանյութ)
Օգոստոս 4 23:25 2020

Օգոստոսի 2-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և կողերի կտրած-ծակած վերքերով Ջանֆիդա գյուղի մի բնակիչ դիմել է բուժօգնության:
Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները. բժիշկներին հայտնել էր, թե վերքերը տանն է ստացել՝ անփութության հետևանքով: Սակայն վնասվածքի բնույթն այլ բան էր հուշում, և նրա հայտարարությունը ոստիկաններին հավատ չներշնչեց:

 

Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում, հաղորդումից ժամեր անց պարզվեց, որ ժամը 22.30-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի տներից մեկի մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր 54-ամյա համագյուղացին:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին` իր հետ բերելով դանակը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: