Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի»


Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի»
Հուլիս 14 10:26 2020

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան օգտահաշվում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` իր աջակցությունը հայտնելով Ադրբեջանին:

Չավուշօղլուն սոցկայքում հրապարակել է Թուրքիայի և Ադրբեջանի հիմները և գրել. «Մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը հանուն Ադրբեջանի»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։

Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է արդեն 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։