Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց


Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց
Հուլիս 9 18:06 2020

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Հովակիմյանի, այսօր՝ հուլիսի 9-ին, բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը(նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ եւ իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց եւ կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի եւ պրոֆեսիոնալիզմի համար»։

Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Նշենք, որ նշված գործով մեղադրյալ կարգավիճակ ունի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ 

 



loading...