Թվաբանության հետեւում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը. Արմեն Սարգսյանը՝ գույքահարկի մասին


Թվաբանության հետեւում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը. Արմեն Սարգսյանը՝ գույքահարկի մասին
Հուլիս 9 17:55 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպմանը նշել է, որ Սահմանադրությունը, սահմանադրականությունը եւ պետականությունը միայն թղթի վրա իրավական ձեւակերպումներ չեն, եւ շատ կարեւոր է հաջորդ քայլը՝ դրանց կիրառումը: «Երբ դիտարկում ենք տվյալ օրենքի սահմանադրականությունը, ապա պարտադիր չէ միայն նայենք, թե թղթի վրա այդ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այն երկրները, որոնք հավատում են իրենց Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, շահում են։ Սահմանադրությունը զարգացնելու ճանապարհներից մեկը հետեւյալն է. մենք՝ որպես հանրություն պետք է հավատանք եւ ապրենք այդ մշակույթով»,-ասել է նախագահը։

 

Նախագահը նշել է, որ ինքն օրենքի սահմանադրականությանը դիտարկում է նաեւ դրա կիրառության տեսանկյունից: «Եթե իմ ստորագրմանն է գալիս օրենք, որը որեւէ սահմանադրական խնդիր չունի, ո՞րն է իմ ընտրությունը,-ասել է նա, միաժամանակ նշելով, որ կան դեպքեր, երբ օրենքը սահմանադրականության հետ կապված որեւէ խնդիր չունի, սակայն ժամանակավրեպ է:

 

 

Որպես օրինակ՝ նա անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին: «Հարկային օրենքները շատ զգայուն են, եւ ցանկացած հարկային օրենք պետք է բազմակողմանի քննարկվի, վերլուծվի,- անդրադառնալով օրենսդրության մեջ կատարված՝ գույքահարկին վերաբերող փոփոխություններին՝ ասել է Հանրապետության նախագահը: -Գույքահարկը կապված է մնացած հարկերի հետ: Այն, որ պետությունը պետք է մտածի եւ զարգացնի մեր հարկային օրենսդրությունը, որեւէ կասկած չկա, մարդիկ, ովքեր ավելի մեծ հարստություն ունեն, պետք է ավելի շատ հարկ վճարեն»: Բոլոր պետություններում հարկերը բարձրացվում կամ իջեցվում են: Սակայն, նախագահի խոսքով, օրենքներն ունեն նաեւ սոցիալական, հոգեբանական ազդեցություն: «Գույքահարկին վերաբերող օրենքը խոսում է նաեւ շատ այլ խնդիրների մասին,-ասել է նախագահը: -Օրինակ՝ եթե Երեւանի կենտրոնում ապրող դոցենտն իր բնակարանը ժառանգություն է ստացել իր հայտնի ակադեմիկոս պապիկից, ապա այս պարագայում ի՞նչ պետք է անի՝ վաճառի՞ բնակարանը եւ տեղափոխվի քաղաքի ավելի հեռավոր մասեր: Հնարավոր է՝ նա վաճառի իր բնակարանն ու լքի Հայաստանը՝ իր հետ տանելով ակադեմիկոսի արխիվն ու պատմությունը եւ, ընդհանրապես, Երեւան քաղաքի եւ մեր ժողովրդի պատմության մի կտորը:

 

Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետեւում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը: Շատ զգույշ պետք է լինել: Մեզ համար բարձրագույն արժեք պետք է լինի մարդը, որը ստեղծում է նաեւ մշակույթ եւ միջավայր:

 

Այդ օրենքը դրված է իմ սեղանին: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան, որովհետեւ Սահմանադրության հետ խնդիր չունի: Ինձ մնում է ստորագրել օրենքը եւ կցել հայտարարություն: Ես հենց այդպես էլ արեցի՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները:

 

Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկել Ազգային ժողով, կանեի՝ նշելով, որ այս-այս պատճառներով պետք է օրենքում կատարվեն փոփոխություններ: Առավել եւս, եթե ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի»: