«Պրն Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ». Թեհմինա Վարդանյան


«Պրն Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ». Թեհմինա Վարդանյան
Հուլիս 7 11:43 2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Քաղաքացին այլևս տուգանքի մատերիալ չէ»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ոչ վաղ անցյալում:

Պրն Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ: Ինչքա՜ն բան է փոխվել Ձեր կյանքում և, որ ամենակարևորն է, Ձեր տեսակետներում, որի համար ցավում եմ, զուտ ցավում: Մեջս փշրվում է երբեմնի հավատն ու պաթոսը:

Այո՛, քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, անկախ նրանից` ով է իշխանության գլուխ: Կներեք, բայց ի տարբերություն, ինձ մոտ տեսակետներ չեն փոխվել:

ԱԺ նախագիծ է ներկայացվել` բարձրացնել տուգանքները 10.000 դրամի փոխարեն 20.000-50.000 դրամ:

Ամեն օր ուզում եմ տրամաբանել` էլ ի՞նչ կարող են անել իշխանությունները, որ ժամ առ ժամ վանեն ժողովրդին ու սեղմեն այն օղակը, որն արդեն իսկ անհնար է դառնում սեղմել: Լավ, գոնե հասկանո՞ւմ եք, որ մարդիկ հացի գումար նույնիսկ չունեն, թե՞ արդեն իրողություններից իսկապես կտրվել եք ու, ինչպես բոլորս էինք ասում նախկին իշխանությունների գործունեության հետ կապված, չեք տիրապետում իրավիճակին: Եթե նույնիսկ սխալվում եմ և տիրապետում եք, դա շատ ավելի վատ է:

Ի դեպ՝ ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի, որովհետև տրվում է թվով հենց 20 թերթիկ:

Հ.Գ. Խնդրում եմ ԱԺ պատգամավոր ընկերներիս, և ոչ միայն, դեմ քվեարկել այս պատուհաս նախագծին: Մի՛ վարվեք քաղաքացու հետ նման կերպ: Ուղղակի մի՛ վարվեք:

Հուսով եմ` հաջորդ տուգանքը դիմակի, օրինակ, գույնի համար չի լինի»: