«Սահմանադրությունը չի կարող կախված լինել օրվա իշխանության ցանկություններից». Արման Աբովյան


«Սահմանադրությունը չի կարող կախված լինել օրվա իշխանության ցանկություններից». Արման Աբովյան
Հուլիս 5 23:00 2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս օրերին շատերը հարցնում են, թե ինչով է պայմանավորված մեր կոշտ դիրքորոշումը, որը վերաբերվում է իշխանության կողմից Սահմանադրության որոշ նորմերի կամայական փոփոխության փորձերին, իսկ ավելի հստակ` Սահմանադրության նսեմացմանը և փաստացի տապալմանը։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է. Սահմանադրությունը չի կարող կախված լինել անձերից կամ օրվա իշխանության ցանկություններից, Սահմանադրությունը մեր բոլորի երաշխիքն է առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները...

Երաշխավորում է լինել ազատ, երաշխավորում է, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր անձնական կարծիքը, և դրա համար նա չի ենթարկվի կտտանքների և հատապնդման, երաշխավորում է, որ մենք բոլորս հավասար ենք բոլոր հիմնարար իրավունքներով և պարտականություններով, և, ի վերջո, երաշխավորում է, որ իշխանության բոլոր թևերը ձևավորվում են ոչ թե իշխող ուժի ցանկության, այլ միայն և միայն ժողովրդի կամքի համաձայն։

Ես համոզված եմ, որ մենք՝ բոլորս, եթե ուզում ենք ապրել արդար և ինքնիշխան երկրում, ապա ուղղակի պարտավոր ենք հարգել ինքներս մեզ, այսինքն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության տոնի առթիվ»: