Մարզերից Երևան եկող ճանապարհներին ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում։
Արմավիրի մարզից Երևան ժամանող Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ նախորդ օրերին 2-3 ոստիկան էր լինում, իսկ այսօր մի քանի տասնյակ ոստիկաններ էին կենտրոնացած։ Ներքին զորքերի և ճանապարհային ոստիկանության ծառայողներն են հսկողությունն իրականացնում։
«Բոլորը մեքենաները կանգնեցնում են, հորդորում են դռները բացել։ Տպավորությունն այնպիսին էր, որ ստուգում են ոչ թե դիմակների առկայությունը, այլ ուզում եմ տեսնել, թե մեքենաներում որքան մարդ կա։ Ընդ որում, հատկապես մարդատար մեծ մեքենաներն էին ստուգում։ Հարցին, թե իրավական հիմքը որն է, ասում են՝ ծառայություն ենք իրականացնում»,- ասաց Tert.am-ի թղթակիցը։
Արագածոտնի մարզից ժամանող Tert.am-ի մեկ այլ աշխատակից ևս հայտնեց, որ այսօր ոստիկանական հսկողությունը ուժեղացվել է։
Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված նաև Ազգային ժողովի շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը քննարկելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։













