Մարաշի քրեական հետախույզները դանակահարության դեպք են բացահայտել (տեսանյութ)


Մարաշի քրեական հետախույզները դանակահարության դեպք են բացահայտել (տեսանյութ)
Հունիս 16 00:50 2020

Հունիսի 14-ին, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 50-ամյա մի տղամարդ բուժօգնության է տեղափոխվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին անհրաժեշտ արձանագրություններ, զրուցեցին բժշկի հետ: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից րոպեներ անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է պատճառել Նորքի 27-ամյա մի բնակիչ:

Ժամը 2.30-ի սահմաններում կասկածվողը Արմենակյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դանակը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է: