Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել․ Արա Գալոյան


Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել․ Արա Գալոյան
Հունիս 6 12:47 2020

Համավարակի հետեւանքով տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել: Այս մասին իր հոդվածում նշել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հրապարակվեց առաջին հաշվետվությունը, որը նկարագրում է համավարակի ազդեցությունը մեր տնտեսության վրա: Խոսքը «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-ապրիլ ամիսներին» հաշվետվության մասին է:

Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել: Հայտարարվում է, որ արդյունաբերությունը կրճատվել է 8.6 տոկոսով (ապրիլը մարտի նկատմամբ կրճատումն ավելի մեծ է` 9.2 տոկոս): Շինարարությունը կրճատվել է 21 տոկոսով (2020թ․ ապրիլը 2019-ի ապրիլի համեմատ կրճատումն ավելի մեծ է` 51 տոկոս):

Տրանսպորտը միակ աճ արձանագրած ոլորտն է` 2 տոկոս: Աճը արձանագրվել է բացառապես երկաթուղային փոխադրումների հաշվին (աճը 7.8 տոկոս): Ավտոմոբիլային փոխադրումները նվազել են 4.2 տոկոսով, իսկ օդային փոխադրումները`12.5 տոկոսով: Կապի ոլորտի կրճատման թիվը 2.8 տոկոս է: Նույնիսկ առեւտուրն ու ծառայությունների ոլորտներն են կրճատվել: Առեւտրի անկումը 8.6 տոկոս է: Իսկ վերջին երկու տարիներին իշխանությունների երեսը պարզ անող (հիմնականում խաղատների ու բուքմեյքերական գրասենյակների հաշվին) ծառայությունների ոլորտը կրճատվել է 15.9 տոկոսով:

Վերադառնանք արդյունաբերության տվյալներին, որ սպասվածից պակաս կրճատման թվեր ունի: Հայտարարվում է, որ հունվար-ապրիլի ընթացքում նախորդ տարվա համեմատ հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 27 տոկոս (հիշենք այս թիվը ոչ միայն այն պատճառով, որ արդյունաբերությունը այս ցուցանիշի հաշվին է «քաղաքակիրթ»` 8.6 տոկոսով կրճատվել է): Մշակող արդյունաբերության անկումը կազմել է 16.2 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 13.5 տոկոսով: Իսկ ջրամատակարարման ու թափոնների կառավարման ոլորտը նվազել է 23.1 տոկոսով: Նախ հարկավոր է արձանագրել մեր արդյունաբերության կառուցվածքը: Որովհետեւ այս համամասնությունները ձեւավորվել են համավարակի շեմին, եւ հետաքրքիր կլինի դրանց փոփոխություններին հետեւել առաջիկա ամիսների ընթացքում: Մեր արդյունաբերության հիմնական հատվածը (63.4 տոկոս) կազմում է մշակող արդյունաբերությունը: Ուստի այն «արժանի է» ավելի մանրակրկիտ դիտարկման: Մշակող արդյունաբերության կառուցվածքի 34.4 տոկոսը կազմում է սննդամթերքի արտադրությունը: Բայց այս ցուցանիշին հարկավոր է գումարել խմիչքի արտադրության ծավալը (12.2 տոկոս), ինչպես նաեւ ծխախոտի արտադրությունը: Այն մշակող արդյունաբերության 12.4 տոկոսն է կազմում: Արտադրության այս հատվածը հիմնականում տեղական արտադրության գյուղմթերք է վերամշակում: Հետեւաբար թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական իմաստով առանձնահատուկ նշանակություն ունի: Ճիշտ է այս ոլորտի մասին գերժամանակակից «թվային» բառապաշարով խոսել հնարավոր չէ: Նույնիսկ այնքան անհնար էր, որ նոր իշխանությունները կառավարության կառուցվածքում գյուղատնտեսության նախարարություն չենթադրեցին: Բայց պարենի արտադրության ոլորտը ամբողջ աշխարհում հիմա առանձնահատուկ ուշադրության տակ է: Պատճառը համավարակն է: Բնականաբար (Նոբելյան մրցանակակիր տնտեսագետներից մեկը նույնիսկ բիբլիական մասշտաբի սով է կանխատեսում):

Հիմա վերադառնանք հանքարդյունաբերության 27 տոկոսանոց աճին: Այն բոլորովին համահունչ չէ մեր արտաքին առեւտրի թվերի հետ: Հանքարդյունաբերության աճի արդյունքում ստեղծված հիմնական արդյունքը մեր երկրում չի մշակվում, այլ արտահանվում է: Մինչդեռ մեր արտահանման ծավալները առաջին 4 ամսում նվազել են 12.6 տոկոսով: Սա կարելի է տվյալների անհամատեղելիություն գնահատել՝ ենթադրելով, որ դրանցից մեկը իրական չէ:

Գծապատկեր․ Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները 2020թ․ հունվար-ապրիլին

 



loading...