Այսօր աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր` Արամ Խաչատրյանի ծննդյան 117 ամյակն է


Այսօր աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր` Արամ Խաչատրյանի ծննդյան 117 ամյակն է
Հունիս 6 08:40 2020

Այսօր աշխարհահռչակ հայ երգահան, հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ Արամ Խաչատրյանի ծննդյան տարեդարձն է: Արամ Խաչատրյանը մեծաթիվ սիմֆոնիաների, նվագախմբային գործերի հեղինակ է, որոնք մինչ այսօր կատարվում են ոչ միայն հայկական, այլև օտարազգի ու համաշխարհային ճանաչում ունեցող նվագախմբերի կողմից:

  •  Խաչատրյանի խիստ ինքնատիպ, գունագեղ, մերթ խանդավառ ու կրքոտ, մերթ հանդարտ ու մեղմ, քնարական հուզականությամբ ու բուռն զգացումների հզոր պոռթկումներով հագեցած երաժշտությունը բացառիկ բնատուր տաղանդի արտահայտություն է:Ելնելով ազգային հարուստ ավանդույթներից, կոմպոզիտորը ստեղծեց նորարական արվեստ, որի լավագույն մասով հարստացրեց 20-րդ դարի դասական արվեստի գանձարանը: Նրա ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են։ ՅՈՒՆԵՍԿՈ-ն Խաչատրյանին դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին
  • Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ., Թիֆլիսի մոտակայքում գտնվող Քոջորիում: Դեռևս մանուկ հասակում ինքնուրույն սկսել է փողային գործիքներ նվագել։ Չնայած Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում, երբ եկել է Մոսկվա և ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան):
  • 1956թ. «Սպարտակ» բալետի բեմադրությունից հետո նրա անունն ուղղակի թնդաց ամբողջ աշխարհում: Արամ Խաչատրյանի տաղանդը դրսևորվում է նաև նրանով, որ «Սպարտակ»–ի կողքին կարող է գրել այնքան հայկական, ազգային մտածելակերպին բնորոշ «Գայանե» բալետը` օտարեկրացիներին լավագույնս մատուցելով հայկական մշակույթը: