Վարչապետը ձախողումները փորձում է բարդել բոլորի վրա․ Արթուր Վանեցյան


Վարչապետը ձախողումները փորձում է բարդել բոլորի վրա․ Արթուր Վանեցյան
Հունիս 6 12:20 2020

Yerkir.am-ը գրում է․ «ՀՅԴ վերջին հայտարարության, ՀՀ իշխանությունների ձախողումների և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ Yerkir.am-ը կարճատև զրույց ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։

 -Պարո՛ն Վանեցյան, Դուք ծանո՞թ եք Դաշնակցության հայտարարությանը, որով առաջարկվում է հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ, քննարկել և գնահատական տալ կառավարությանն ու վարչապետի գործունեությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում, ինչպես նաև պատասխանատվության կանչել գործը ձախողած պաշտոնյաներին։ Ի՞նչ կարծիք ունեք այս պահանջի մասին։

-Այո, ծանոթ եմ  և ճիշտ եմ համարում այդ պահանջը, քանի որ նախ փաստ է՝ վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից։ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն է առաջնային մանդատով օժտված այն բարձրագույն քաղաքական մարմինը, որը կառավարության և նրա յուրաքանչյուր անդամի գործունեության նկատմամբ ունի վերահսկողության և քաղաքական պատասխանատվության ենթարկելու իրավունք։ Բնական է, որ վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան և պատասխանատվության կանչվեն երկրում ստեղծված վիճակի համար։

Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ, կորոնավիրուսի համավարակի պայքարի սկզբնական փուլից սկսած, ինչպես Դաշնակցությունը, այնպես էլ մենք և այլ քաղաքական ուժեր ու անձինք, իշխանություններին բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, համաընդհանուր ներուժի մեկտեղմամբ վիրուսի տարածման դեմ պայքարի կոչեր են հնչեցրել, այդ նպատակով  գործողություններ են ձեռնարկել։ Սակայն քաղաքական իշխանության արձագանքը եղել է այս ամենն անտեսելը, մարդկանց և քաղաքական ուժերին պիտակավորելը, ատելության և թշնամանքի մթնոլորտը խորացնելը։

Արդյունքում` համավարակի դեմ պայքարի ամբողջական ձախողում։    Այնպես որ՝ Դաշնակցության Գերագույն մարմնի պահանջը տեղին է և միանշանակ ճիշտ։ Ավելին, սա հնարավորություն է քաղաքական մեծամասնությանը, որպեսզի նրանք, ի վերջո, զգան ժողովրդի ներկայացուցիչ լինելու հանգամանքը, գնահատեն կառավարության ու վարչապետ Փաշինյանի գործողությունները և կատարեն համապատասխան եզրակացություններ։

Հանրությունը խորհրդարանական ընդդիմությունից ակնկալում է հրատապ և համաչափ գործողությունների իրականացում։ Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմություն ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` հենց հիմա ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, շատ արագ վարչապետին ու կառավարության պատասխանատուներին բերել խորհրդարան,  քննել նրանց կողմից թույլ տրված գործողություններն ու անգործությունը և դրանց տալ քաղաքական անհրաժեշտ գնահատական, որոշ գործողությունների համար էլ հրատապ նախաձեռնել քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց։

-Դուք՝ որպես կուսակցության նախագահ, ակտիվորեն զբաղվում եք կուսակցական-քաղաքական գործունեությամբ։ Տեսնո՞ւմ եք, արդյոք, Դաշնակցության հետ համագործակցության հնարավորություն և ի՞նչ օրակարգով։

-Ոչ միայն տեսնում եմ, այլև անհրաժեշտ եմ համարում առողջ ուժերի համագործակցությունը։ Նախ արձանագրենք, որ 130 տարվա մեր ավանդական կուսակցությունն իր փորձով,  հնարավորություններով, համաշխարհային կապերով ու կադրային բանկով հսկայական ներուժ ունի։ Այն մեր ժողովրդի հարստությունն է։ Այն իշխանությունը և առհասարակ քաղաքական ուժը, որը չի արժևորում Դաշնակցությանը և չի ձգտում համագործակցել ազգային այս ուժի հետ, նշանակում է՝ թերի է տեսնում մեր ազգային երազանքները կամ փորձում է դրանք ծառայեցնել իր փոքր քաղաքական նպատակներին։ Դաշնակցությունը եղել է, կա ու դեռ շարունակելու է լինել մեր ազգի ամենակենսունակ քաղաքական դիմադրողականության հիմնական կրողներից։ Հետևաբար, իմ կարծիքով, «Հայրենիք» և ՀՅ Դաշնակցություն կուսակցություններն ունեն համագործակցության օրակարգ, և դա բխում է մեր պետության կենսական և անվտանգության շահերից։



loading...