Պետք է կորոնավիրուսով վարակվածների թիվը լինի այնքան, որքան հիվանդանոցներում ռեալ տեղ կա. Վարչապետ


Պետք է կորոնավիրուսով վարակվածների թիվը լինի այնքան, որքան հիվանդանոցներում ռեալ տեղ կա. Վարչապետ
Հունիս 6 11:46 2020

Այս իրավիճակում մենք ունենք մեկ պրոբլեմ, և մեր պրոբլեմն հետևյալն է․ կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիներին կարողանալ պատշաճ օգնություն ցուցաբերել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղի եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդանա այնքան մարդ, որքան հիվանդանոցներում ռեալ տեղ կա: Սա է կորոնավիրուսի առանցքային պրոբլեմը: Մյուս հիվանդությունները արձանագրվում, զարգանում են, իրենց տևողությունը ձգվում է մեկ տարի: Օրինակ՝ քաղցկեղից առաջին հիվանդին սպասարկելուց մինչև երկրորդ հիվանդին սպասարկելը տևում է վեց ամիս կամ մեկ տարի, կորոնավիրուսի պարագայում այդ ժամկետը շատ կրճատվում է, տևում է երկու-երեք շաբաթ, մաքսիմում՝ 1 ամիս: Եվ հիվանդները, որ պետք է բուժօգնության դիմեին մեկ տարվա ընթացքում, բուժօգնության են դիմում 1 ամսվա ընթացքում»,- հայտարարեց նա:

Ըստ վարչապետի՝ մահացության կոնտեքստում շատ կարևոր է, որ բուժօգնության կարիք ունեցող կորոնավիրուսով վարակված պացիենտները լինեն այնքան, որ մեր հիվանդանոցներում տեղավորվեն, եթե չտեղավորվեն, մեր մահացությունների թիվն աճելու է, մարդիկ մահանալու են կորոնավիրուսից պատշաճ օգնություն չստանալու պատճառով:

Վարչապետն ընդգծեց, որ այս խնդիրը լուծելու մեկ ձև կա. «Պետք է մենք մեր կողմից ուրիշներին վարակելու հավանականությունը մաքսիմալ քչացնենք: Սա ոչ միայն վերաբերում է ինձ նման մարդկանց, որոնք արդեն ախտորոշված են, այլ բոլորին: Այսօր երկրում 25 հազար, հնարավոր է նույնիսկ 30 հազար ասիմպտոմ դեպք կա: Հիմա գուցե դուք վարակված եք, ու շատ լավ է, որ վարակված եք ու չգիտեք, դա նշանակում է, որ ձեզ մոտ ասիմպտոմ է, նշանակում է, որ դուք կլավանաք և ձեր կյանքը լրիվ կփոխվի: Դուք որևէ մտավախություն չեք ունենա ոչ հարազատի վարակելու, ոչ էլ վարակվելու առնվազն մեկ տարի»,-հայտարարեց նա: