Սինգապուրի ազգային խորհրդանիշ խոլորձը հայազգի Աշխեն Հովակիմյանի (Ագնես Ջոակիմ) ստեղծագործությունն է


Սինգապուրի ազգային խորհրդանիշ խոլորձը հայազգի Աշխեն Հովակիմյանի (Ագնես Ջոակիմ) ստեղծագործությունն է
Հունիս 4 21:51 2020

Յուրաքանչյուր տարի ապրիլի 19-ին Սինգապուրում նշվում է ազգային ծաղկի՝ տիկին Վանդայի խոլորձի օրը։ Սա սինգապուրցիների ամենասիրելի տոներից մեկն է, որի ժամանակ երկրում ընդունված է բոլորին Միսս Վանդայի խոլորձներ նվիրել և ընտանիքին բարեկեցություն ցանկանալ, սակայն ի՞նչ կապ ունի այս գեղեցիկ տոնը հայերի հետ։

 

Այս խոլորձը համարվում է Սինգապուրի ազգային ծաղիկը, և դրա «մայրը» Ագնես Ջոակիմն է (Հովակիմյան)՝ անգլիացի և սինգապուրցի այգեգործ-գիտնական, ով հայկական ծագում ուներ։ Ագնեսը ստեղծել է խոլորձի հայտնի «Վանդա միսս Ջոակիմ» տեսակը, որը հետագայում դարձավ Սինգապուրի խորհրդանիշը։

Ագնեսը ծնվել է Սինգապուրում 1854 թ. ապրիլի 7-ին Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների ունևոր ընտանիքում։ Ընտանիքում 11 երեխա կար։ Ագնեսն ավագ դուստրն էր և երեխաներից երկրորդը։

Ագնեսի հայրը՝ Բարսեղը, կոմերցիոն և առևտրային գործակալ էր Սինգապուրում, հայտնի բարերար էր, ուներ նշանակալի կարողություն և ներդրումներ, որոնք նրա՝ 1872 թ. հանկարծակի մահից հետո անցան ողջ ընտանիքին։

Մայրը՝ Ուրելիան, զբաղվում էր այգեգործությամբ։ Մայրական կողմից Ագնեսի պապը՝ Իսայա Զաքարիան, Սինգապուրի առևտրային պալատի առաջին անդամներից մեկն էր, ինչպես նաև տեղի հայկական համայնքի ականավոր գործիչներից։

Ագնեսը, ինչպես և նրա մայրը, տարված էր այգեգործությամբ և նույնպես համարվում էր հայկական համայնքի ակտիվ անդամ։ Նա իր խոլորձներն աճեցնում էր ընտանեկան այգում, որը կոչվում էր Tanjong Pagar: Յուրաքանչյուր տարի մասնակցելով ծաղիկների ցուցադրությունների՝ Ագնեսը հավաքում էր բազմաթիվ ու տարատեսակ մրցանակներ։

Միայն 1893-1895 թթ. նա տարբեր մրցույթներում 20 անգամ գրավել է առաջին և 15 անգամ՝ երկրորդ հորիզոնականը։ Հայտնիության գագաթնակետը 1899 թվականն էր, երբ ծաղիկների ցուցադրության ժամանակ ներկայացվեց նրա կողմից աճեցված խոլորձը, որն ավելի ուշ ստացավ իր ստեղծողի անունը՝ «Վանդա միսս Ջոակիմ»։

1947 թ. ծաղիկն ընտրվեց որպես Պրոգրեսիվ կուսակցության խորհրդանիշ, իսկ 1981-ին՝ ազգային ծաղիկ, ողջ Սինգապուրի խորհրդանշան։

Ագնես Ջոակիմը մահացել է 1899 թ.։ Նա թաղված է Սինգապուրի հայկական եկեղեցու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի բակում։

Այսօր Աշխեն Հովակիմյանի ստեղծագործությունը խորհրդանշում է Հարավարևելյան Ասիայի ամենազարգացած երկրներից մեկին։ «Վանդա միսս Ջոակիմը» պատկերված է Սինգապուրի փոստային նամականիշների, մանրադրամների և 500 սինգապուրյան դոլար թղթադրամի վրա։



loading...