Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում


Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Հունիս 4 13:25 2020

 Պետության իրավապահ համակարգում առանցքային դեր ունի ոստիկանությունը։ Այն ոչ միայն օրինականության պահպանման հիմնական կառույցն է, այլեւ պետության դեմքը։ Երկիր ժամանող օտարերկրացին պետության մասին կարծիք է կազմում սահմանին եւ օդանավակայանում ոստիկանի հետ իր առաջին հանդիպումից։ Իրավապահ այս համակարգը պարբերաբար բարեփոխման կարիք է զգում՝ կախված հասարակության զարգացումից, իրավական դաշտի դինամիկայից։ Կայացած ոստիկանական համակարգ ունեցող այնպիսի երկիրը, ինչպիսին ԱՄՆ-ն է, այսօր ճգնաժամ է ապրում ոստիկանական համակարգի խնդիրների պատճառով։ Ամերիկացի սեւամորթ անվտանգության աշխատակից Ջորջ Ֆլոյդի մահը, որը հետեւանք էր ոստիկանության անհամաչափ գործողության, դարձել է պետության ներքին ցնցումների պատճառ։ Ամերիկյան հասարակությունը բողոքի է դուրս եկել՝ պահանջելով ոստիկանական համակարգի բարեփոխումներ։

 

Ամերիկյան այս խմորումները համընկան մեր խորհրդարանում «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկման եւ ընդունման գործընթացների հետ։ Հայաստանի նոր ձեւավորված կառավարության հռչակած առաջնային խնդիրներից մեկը ոստիկանության համակարգի բարեփոխումն ու ոստիկանի նոր կերպարի ձեւավորումն էր։

 

Նախանշված նկատակին հասնելու համար գործադիրը ընդունեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը։ Լիովին օրինաչափ է, որ փոփոխությունների առաջին ալիքը ներառեց երկիրը ներկայացնող պարեկային ոստիկանությունը։ Շահագրգիռ կառույցներում, քաղաքացիական հասարակության հետ եւ խորհրդարանում կազմակերպված քննարկումների արդյունքում մշակված օրենքներով արվեց առաջնային քայլերից մեկը՝ ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումը։

 

Օրենսդրական փոփոխություններով ստեղծվող նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է նախկին ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության գործառույթները։ Բարեփոխումների գործընթացը սկսվելու է պարեկների պատրաստման հատուկ կրթական ծրագրից, որը հաջողությամբ անցնելու դեպքում քաղաքացիները եւ համակարգի նախկին ոստիկանները կնշանակվեն նոր ծառայության պաշտոններին։ Կրթական ցենզին զուգահեռ, հատուկ չափանիշներով ուշադրություն է դարձվելու ծառայության ապագա ոստիկանների արտաքին տեսքին։ Ծառայության այս տեսակը գործառութային առումով նորամուծություն է, եւ հանրապետությունում չկան նրա փորձն ունեցողները։ Օրինագծով անհրաժեշտ օրենսդրական հիմքեր են ստեղծվում ծառայության տարբեր պաշտոնների խմբերում պատրաստման կրթական ծրագրեր անցած նոր կադրերի նշանակման համար, եւ համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով։

 

«Պարեկային ոստիկանության» ծառայությունն առաջին կադրերի համալրումից եւ ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո 2021 թ. առաջին եռամսյակում մեկնարկելու է Երեւանում, ապա Շիրակի ու Լոռու մարզերում եւ ամբողջ հանրապետության տարածքում։

 

Մինչեւ պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը, հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները եւ «Ճանապարհային ոստիկանության» ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները։ Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի «Ճանապարհային ոստիկանություն» եւ պարեկապահակային ծառայությունների գործունեությունը։

 

Նոր ընդունված օրենքներով սահմանվում են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու կարգը, ինչպես նաեւ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների, մասնավորապես պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները։

 

Գործարկվող ծառայության կազմում եւ դրա ենթակայությամբ գործող ստորաբաժանումներում ստեղծվելիք «Պարեկային ծառայությունում» աշխատակիցների առաջին կազմը նշանակվելու է ոստիկանության պետի կողմից։ Հետագայում պաշտոնի նշանակումները տեղի կունենան «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։

 

Կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ բարեփոխումների գործընթացում հիմնական շեշտադրումն արվել է ծառայության որակի բարձրացմանն ուղղված մեխանիզմների ներդրման վրա։ Այս նպատակով օգտագործվելու է համաշխարհային առաջադեմ փորձը։ Օրինագծով նախատեսված է հաստատել ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը, որը մտնում է ոստիկանապետի լիազորությունների մեջ։ Վերջինովս նույնպես կսահմանվեն մեխանիզմներ, որոնք կլուծեն ոստիկանի կերպարի վերափոխման եւ հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու խնդիրը։

 

Ոլորտի բարեփոխման արդյունքում մեր քաղաքացիների ու հանրապետություն ժամանող հյուրերի շրջանում արմատապես կփոխվի ոստիկանության վերաբերյալ կարծիքը, կբարձրացվի ոստիկանության հանդեպ վստահության եւ ապահովության զգացումը։

 

Արմեն Վարդանյան

 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ



loading...