Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել, թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ունենալու


Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել, թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ունենալու
Հունիս 4 13:17 2020

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սորտավորման գործընթացով զբաղվող խումբ է ձեւավորվել։ Հանրապետության բոլոր բժիշկները զանգով ներկայացնում են պացիենտի վիճակը, հետազոտության արդյունքները, որից հետո որոշվում է պացիենտի որտեղ լինելու հարցը։ Կա՛մ մնում է տանը, կա՛մ գնում է հիվանդանոց՝ ըստ իր վիճակի։

 

Նշելով այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումալյանն ասաց. «Այս պահին արդեն ձեւավորված խումբը զանգեր է ընդունում բժիշկներից, կատարում դասակարգում՝ ըստ հիվանդի լաբորատոր գործիքային հետազոտության արդյունքների եւ գանգատների։ Հաշվի առնելով տարիքը՝ կատարվում է ընտրություն։ Հստակեցվում է՝ ով որ հիվանդանոց պիտի գնա, եւ կա՞, արդյոք, անհրաժեշտություն հիվանդանոց գնալու, թե՞ պոլիկլինիկայի բժշկի հսկողության տակ մնալու անհրաժեշտություն է առաջանում։ Մի քանի գործոն կա՝ տարիքը, խրոնիկ հիվանդության առկայությունը, դիագնոստիկայով հաստատված թոքաբորբը։ Եթե անձը չունի խրոնիկ հիվանդություն, մեծ տարիքի չէ, ապա բժշկի որոշմամբ պացիենտը մնում է տանը, հսկվում տեղամասային բժշկի կողմից»։

 

Ա. Ջումալյանն այնուհետեւ հավելեց՝ բոլոր այն պացիենտները, ովքեր հսկվում են տանը, գանգատների առկայության դեպքում շտապօգնության մեքենայով բերվում են պոլիկլինիկա։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում կորոնավիրուսի առաջին՝ ամենափոքր վարակակիրը 17 տարեկան է եղել։ 7 տարեկան էլ երկրորդ դեպքն է եղել։ Այս պահին պացիենտները դուրս են գրվել։ Հավասարությունը պահում են կանայք եւ տղամարդիկ. «Երեւի թե հավասար են»։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Հայաստանում հունիսի 3—ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 524 դեպք, որոնցից 3454-ը՝ առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 61 650 թեստավորում։ Այսպիսով՝ կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք եւ 27 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 170 (ավելացել է եւս 12-ով) դեպք։

 

Հարցին՝ այսպես շարունակվելու դեպքում հունիսի կեսերին ի՞նչ պատկեր կունենանք, Ա. Ջումալյանը պատասխանեց՝ չգիտեն դինամիկան ինչ ընթացք կունենա, աճը պայմանավորված է մի քանի գործոններով. «Սահմանափակումների թուլացումից հետո ժողովուրդը չի պահում սահմանված կանոնները, շատացրել ենք նաեւ թեստերի քանակը։ Եթե այն ժամանակ միջինը արվում էր 400-500, այսօր արդեն 1200-1300 է, եւ ավելի»։ Երբեմն ախտանշաններ, ջերմություն չունենալու դեպքում անձը կարող է վարակակիր լինել։ Բժիշկը պարզաբանում է՝ հիվանդությանը բնորոշ հիմնական ախտանշաններն են ջերմությունը, հազը, համի եւ հոտի զգայության կորուստը։ Այդ ամենը համարվում է հիվանդությանը բնորոշ ախտանշան, սակայն գրանցվում են դեպքեր, երբ վիրուսակիրը գանգատներ չի ունենում. «Մեզ մոտ գրանցվեց դեպք. պացիենտը կոնտակտավոր էր, ուներ մինիմալ գանգատ, կատարվեց թեստավորում։ Դրական պատասխանից հետո պոլիկլինիկայում մնաց հսկողության տակ։ Միգուցե պացիենտ լինի, որ առհասարակ գանգատներ չունենա, քանի որ բոլորիս մոտ իմունային համակարգը տարբեր է»։

 

Մասնագետը նկատում է՝ հասարակության շրջանում անլուրջ վերաբերմունք կա համավարակի նկատմամբ. «Թե որտեղի՞ց է բխում, ինչո՞վ է պայմանավորված, չեմ կարող ասել»։ Նրա խոսքով՝ որեւէ մեկը կանխատեսումներ անել չի կարող, թե հիմա ինչ փուլում ենք եւ մեկ շաբաթ հետո վիրուսակիրների ինչ թիվ ենք ունենալու։

 

 

 

Լիանա Սարգսյան

 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ