Հունգարիայում բնակված հայազգի մշակութային գործիչներ, որոնք մեծ դեր են ունեցել պետության զարգացման գործում


Հունգարիայում բնակված հայազգի մշակութային գործիչներ, որոնք մեծ դեր են ունեցել պետության զարգացման գործում
Հունիս 3 21:56 2020

Հայ հայտնի ու ականավոր գործիչները տարբեր բնագավառներում՝ քաղաքականության, մշակույթի, գիտության և այլ, տարբեր երկրներում հնագույն ժամանակներից բազմաթիվ են եղել։ Ցուցակը, որն այժմ Ձեզ կներկայացնենք, անդադար մեծանում է և կմեծանա։

 

Ձեզ ենք ներկայացնում Ավստրո-Հունգարիայում, այնուհետև Հունգարիայում իրենց գործունեությունը ծավալած հայ հայտնի գործիչներին, որոնք իրենց ուրույն ներդրումն են ունեցել այդ պետության զարգացման գործում։

 

Իշտվան Պետելեին (1852-1910) հայտնի հունգարացի գրող էր և տրանսիլվանյան գրականության «հայրը», ով հայկական ծագում ուներ։ Իշտվանը գրեթե ողջ կյանքի ընթացքում ապրել է Տրանսիլվանիայում (ներկայիս Ռումինիայում)։ Նա իր ստեղծագործություններում և գրքերում նկարագրել է հայրենի հողի բնությունը, տարբեր պայմաններում ապրող մարդկանց ճակատագրերը, տրանսիլվանյան հունգարացիների ավանդույթները։ Իշտվան Պետելեին բազմակողմանիորեն զարգացած անձնավորություն էր, ուսումնասիրում էր փիլիսոփայություն և աստվածագիտություն, սիրում էր պատմությունն ու հնագիտությունը, ինչպես նաև բնական գիտությունները։ Բացի ստեղծագործական գործունեությունից՝ Իշտվանը զբաղվում էր նաև լրագրությամբ։ 1888 թ. նա դարձավ Տրանսիլվանյան գրականության համայնքի հիմնադրման նախաձեռնողը։

Շիմոն Հոլոշին (1857-1918) 19-20-րդ դարերի հայազգի հունգարացի լավագույն նկարիչներից մեկն էր։ Հունգարական արվեստի պատմության մեջ Հոլոշին անցել է ոչ միայն որպես հետաքրքիր գեղանկարիչ, այլև մեծ մասամբ որպես ականավոր մանկավարժ։ Նրա մոտ են ուսանել ոչ միայն հունգարացի խոշորագույն նկարիչները, այլև վարպետներ Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից։ Հոլոշին սովորեցնում էր բնությունը պատկերելիս տեսնել ու վերարտադրել դրա թարմությունը, զերծ էր մնում չոր ու շատ օգտագործվող ֆորմաներից։ Նա հարում էր իմպրեսիոնիզմին։

Հերո Մալին (1884-1952) հայկական ծագում ունեցող երգիծական ժանրի հունգարացի հայտնի դերասան էր։ Հերոն իր կարիերան սկսել է Բուդապեշտի թագավորական թատրոնում, իսկ 1913-ից ի վեր սկսել է նկարահանվել ֆիլմում։ 1931 թ. առաջին անգամ հայտնվել է «Կապույտ իդոլը» ֆիլմում, որը առաջին ձայնային ֆիլմն էր։ Այնուհետև հաջորդել են այլ կինոնկարներ, որոնք Հերոյին մեծ հաջողություն են բերել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հերոն արտագաղթել է ԱՄՆ։ Այնտեղ նա իր ուժերն է փորձել Նյու Յորքի տարբեր թատրոններում, սակայն այստեղ հաջողության չի հասել և հեռացել է բեմից՝ աշխատանքի անցնելով հունգարական ռեստորանում։

Գաբոր Ագարդին (Գաբրիել Արկալյան, 1922-2006) թատրոնի և կինոյի վաստակավոր արտիստ էր։ Իր հրաշալի խաղի համար Հունգարիայում արժանացել է բազմաթիվ մրցանակների, կոչումների։ Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Գաբորը նկարահանվել է հետաքրքիր ֆիլմերում, որոնք մինչ օրս դիտում են նրանք, ովքեր գնահատում և սիրում են հին կինոն։ Այդ ֆիլմերի ցանկում են «Հրաշագործը», «Էգերի աստղը», «Միլիոնատիրոջ հանդիպումը», «Խորհրդավոր առևանգումը», «Վերջին բլյուզը»։ Գաբորն աշխատել է նաև մի շարք թատրոննեում՝ Սեգեդայի քաղաքային թատրոնում, Միշկոլցի ազգային թատրոնում, Օպերայի քաղաքային թատրոնում և Հունգարիայի ազգային թատրոնում։