Գագիկ Բեգլարյանի եղբայրը չի կատարել ծառայողական պարտականությունները. ՔԿ-ի հայտարարությունը


Գագիկ Բեգլարյանի եղբայրը չի կատարել ծառայողական պարտականությունները. ՔԿ-ի հայտարարությունը
Հունիս 3 20:46 2020

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից առերեւույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, որը հիշյալ պաշտոնում պաշտոնավարել է 2001 թվականից մինչեւ 2019 թվականի ավարտը, կրելով պարտավորություն ընկերության կառավարումն իրականացնել ի շահ կազմակերպության, բարեխղճորեն եւ խելամտորեն ապահովել ընկերության շահութաբեր գործունեությունը, իսկ իր գործունեության կամ անգործության հետեւանքով ընկերությանը վնաս պատճառվելու դեպքում կրել լրիվ գույքային պատասխանատվություն, իր պաշտոնավարման ժամանակահատվածում առերեւույթ կատարել է չարաշահումներ:

Մասնավորապես՝ մարզական կենտրոնի տնօրենը, դիտավորությամբ, նյութական օգուտ ստանալու անձնական եւ խմբային շահերից ելնելով, 2007 թվականին հիմնադրել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, որը պետական գրանցում է ստացել, իսկ 2015 թվականից հարյուր տոկոս բաժնեմասով պատկանել է նրա կնոջը:

Քննության տվյալներով՝ մարզական կենտրոնի տնօրենը «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությանը տնօրենի հետ 2007 թվականի մայիսին կնքել է վարձակալության պայմանագիր՝ 25 տարի ժամկետով, շուկայականից էապես ցածր գնով, համաձայն որի՝ նշված ՍՊ ընկերության տնօրինմանն է հանձնվել ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող 6580.8քմ. մակերեսով շենքը եւ 1.1807հա. մակերեսով հողամասը:

Պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո հիշյալ տարածքի վարձակալ ՍՊ ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել գույքի վերանորոգման ու բարելավման եւ հարակից տարածքների բարելավման աշխատանքներ, որի համար նախատեսված ներդրումները, ըստ պայմանագրի, պետք է կազմեին 162.200.000 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ ՍՊԸ-ի հարյուր տոկոս բաժնեմասը մարզական կենտրոնի տնօրենի կնոջ կողմից 2015 թվականի սեպտեմբերին ձեռք բերվելուց երկու ամիս անց պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չեն վճարվել, ինչի հետեւանքով 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՓԲ ընկերության նկատմամբ առաջացել է 13.500.000 ՀՀ դրամի պարտավորություն:

ՓԲ ընկերության տնօրենը, կնոջը նյութական օգուտ տալու անձնական եւ խմբային շահերից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ «Օլիմպական ապագա» ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած վարձերը չվճարելու, ներդրումները չկատարելու պայմաններում միջոցներ չի ձեռնարկել դրանք գանձելու, կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու, այլ ընկերության հետ շուկայական գնով վարձակալության պայմանագիր կնքելու, իսկ «Օլիմպական ապագա» ՍՊ ընկերության կողմից սնանկ ճանաչվելու պայմաններում վերջինիս նկատմամբ պահանջ ներկայացնելու ու պարտատերերի ցուցակում ընդգրկվելու ուղղությամբ, որի հետեւանքով իր կողմից ղեկավարվող ՓԲ ընկերության իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 85.500.000 ՀՀ դրամ գույքային վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ:

Բացի այդ, պարզվել է նաեւ, որ դեռեւս 2008 թվականի մարտին եւ 2015 թվականի հուլիսին ՓԲ ընկերության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայամանգրերով վերջինիս արգելվել է կատարել այլ վճարովի աշխատանք եւ անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Մինչդեռ վերջինս, զբաղեցնելով պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, սահմանված արգելքի պայմաններում, վստահված անձի միջոցով մասնակցել է 1996 թվականին հիմնադրված եւ պետական գրանցում ստացած, իսկ 2000 թվականի նոյեմբերից հարյուր տոկոս բաժնեմասով իրեն պատկանող «Արեւելյան Օազիս» ՍՊ ընկերության կառավարմանը, որը «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող տարածքում զբաղվել է հյուրանոցային եւ սրճարանային գործունեությամբ՝ չվճարելով տարածքի օգտագործման համար վարձավճարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով եւ 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:



loading...