Մենք իրականացրինք մի փոքրիկ մինիհեղափոխություն. վարչապետը՝ իր սկսած ֆլեշմոբի մասին


Մենք իրականացրինք մի փոքրիկ մինիհեղափոխություն. վարչապետը՝ իր սկսած ֆլեշմոբի մասին
Հունիս 3 20:42 2020

Երեկ ֆլեշմոբի ընթացքում մենք արձանագրեցինք, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում ամենալայն ծավալներով: Մեզ հաջողվեց բացահայտել տեղի ունեցած ու տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, Վերջին զանգեր, այլ տոնական միջոցառումներ: Այս ամենն իր ծավալներով բերեց այն եզրակացության, որ մենք գործ ունենք կանոնների ապակենտրոն չպահպանման հետ, ինչը պետք է ունենար պատճառ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հասկացել ենք մեր խնդրի սահմաններն ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են ֆլեշմոբին։

Արդեն այսօր, երբ մենք արձանագրեցինք խախտումներ, մենք իրականացրինք մի փոքրիկ մինիհեղափոխություն, քանի որ մենք այսօր տեսանք կարգապահության որոշակի փոփոխություն:

Ես ուզում եմ ասել, որ մտադիր եմ շարունակել այդ գործընթացը, ամեն օր իմ էջում անդրադարձ կլինի դրան: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ամեն օր որոշակի ժամանակ հատկացնել իրենց կողմից արձանագրած խախտումներն ուղարկել իմ ֆեյսբուքյան էջին: Սրանով մենք սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորում, որն ամենօրյա աշխատանք կկատարի»,- ասաց վարչապետը: