Արթուր Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է


Արթուր Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է
Հունիս 3 19:18 2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին լուրը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանը նշեց, որ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է հետեւության, որ առաջադրված բոլոր մեղադրանքներով առկա է նրա կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, եւ եզրակացրել, որ հատկապես քննությունից թաքնվելու, քրեական պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու հնարավորության հիմքերի առկայության պայմաններում կալանավորումից բացի որեւէ այլ խափանման միջոց ողջամտորեն ի զորու չէ ապահովելու մեղադրյալի դատավարական պատշաճ վարքագիծը։

«Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնազուրկ է համարել նաեւ Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը ոչ իրավաչափ լինելու մասին պաշտպանների պնդումները»,- նշեց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Գեւորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապրիլի 9-ին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրումը) եւ 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց կալանավորումը, եւ հայտարարվեց հետախուզում: