Ապրիլին մարտի համեմատ ունեինք 3 անգամ աճ, իսկ մայիսին մարտի համեմատ՝ 13 անգամ թվի աճ. Արտավազդ Վանյան


Ապրիլին մարտի համեմատ ունեինք 3 անգամ աճ, իսկ մայիսին մարտի համեմատ՝ 13 անգամ թվի աճ. Արտավազդ Վանյան
Հունիս 2 20:03 2020

Այսօր համաճարակային իրավիճակը Հայաստանում մնում է խիստ լարված: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նա մի փոքր համեմատություն բերեց,. «Եթե մարտը համեմատում ենք ապրիլին արձանագրված դեպքերի հետ, ապա մենք ունենում ենք երեք անգամ թվի բարձրացում: Այդ ժամանակ դեռեւս գործում էին սահմանափակումները, շփումները բավականին քիչ էին եւ հնարավորություն կար վերահսկելի դարձնել կորոնավիրուսի վարակի տարածումը: Իսկ մայիսին մարտի համեմատ ունենք 13 անգամ թվի աճ: Բավական լուրջ աճ է արձանագրվել, ինչը խոսում է այն մասին, որ մեզ մոտ սահմանափակումների վերացումից հետո հստակ գնաց մարդկանց կուտակումներ, մեծ թվով շփումներ»,-ասաց նա:

Վանյանը կոչ արեց չմասնակցել հավաքույթների, միջոցառումների, հատկապես հոգեհանգստի ու հուղարկավորությունների, քանի որ վերջին մի քանի դեպքերում դրանք բերել են հիվանդության բռնկումների:

«Կարեւոր խնդիրներից մեկը բակերում հատկապես երեկոյան ժամերին կուտակումներն են: Մարդիկ կանոնները չպահպանելով շփվում են եւ վարակը արագ տարածվում է: Մյուս կարեւոր բանը ուխտագնացություններին մասնակցությունն է: Ես ուղղակի հորդորում եմ՝ չմասնակցել ուխտագնցությունների, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ այդ ընթացքում հնարավոր չէ պահպանել անհրաժեշտ հեռավորությունը: Ես նաեւ հորդորում եմ խանութներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Եթե դուրս եք գալիս զբոսնելու, տեսնում եք այդ այգում բազմամարդ է, խուսափեք այդ այգին մտնելուց: Մենք ինքրենս պետք է նվազեցնենք շփումները, եթե դա չենք անում, ունենում ենք այն, ինչ այսօր արձանագրվում է»,-ասաց նա:

 



loading...